Մամուլ

Պուտինի սխալ հաշվարկը, որը իրար խառնեց տարածաշրջանը․ «Հրապարակ»

Պուտինի սխալ հաշվարկը, որը իրար խառնեց տարածաշրջանը

Hraparak.am-ը գրում է․ Այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց մասնակի մոբիլիզացիայի մասին, խախտվեց ՌԴ-ի եւ, առհասարակ, տարածաշրջանի հասարակության անդորրը:

Մինչ այդ մարդիկ խաղաղ ապրում էին` իրենց ընտանիքների հոգսերով, գնում աշխատանքի-գալիս, արձակուրդ մեկնում, մտածում նոր ծրագրերի շուրջ, ապագայի պլաններ կազմում:

Հանկարծ մի օր զարթնեցին ու տեսան, որ սեփական ապագան իրենց փոխարեն արդեն որոշել է երկրի նախագահը, իսկ այդ ապագան դժոխային պատերազմի մասնակից լինելն է, ինչը նշանակում է՝ մեկնել պատերազմ, անգամ եթե համաձայն չես  պետությանդ վարած քաղաքականությանը, եւ Ուկրաինայում կռվել ուկրաինացիների դեմ, սպանել նրանց կամ սպանվել նրանց կողմից, քանզի պատերազմն այլ տարբերակ չի թողնում: 

Իսկ սպանելու եւ սպանվելու ցանկություն այսօրվա քաղաքակիրթ մարդկությունը չունի:

Դա է պատճառը, որ բողոքի ակցիաներ են սկսվել ՌԴ խոշոր քաղաքներում, Չեչնիայում, Դաղստանում, որոնք ցրվում են իրավապահների կոշտ գործողություններով՝ ծեծի ենթարկելով, ռազմաճակատ մեկնելու ծանուցագրեր տալով: Ու սկսվեց մեծ արտահոսք Ռուսաստանի Դաշնությունից:

Միջոցների մեջ խտրականություն չդնելով, չնայելով ավիատոմսերի աստղաբաշխական գներին ու սահմանին գոյացող կիլոմետրանոց հերթերին՝ մարդիկ մեծ հոսքով դուրս են գալիս երկրից: Ռուսաստանը լքում են ոչ միայն այնտեղ ապրող եւ քաղաքացիություն ունեցող ադրբեջանցիները, տաջիկները, ղազախները, վրացիները, հայերը եւ այլ ազգերի ներկայացուցիչները, այլեւ հենց իրենք՝ ռուսները: Ինչո՞ւ այսպես ստացվեց: 

lars mardik

1941-ին, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, շատ քչերի մտքով էր անցնում դառնալ դասալիք, փախչել, թաքնվել, չպաշտպանել հայրենիքը: Դրան նպաստում էր ոչ միայն այն, որ այդ ժամանակ Սովետական Միությունը փակ երկիր էր, եւ երկրից դուրս գալը գրեթե անհնարին էր:

Կարեւոր գործոնը հոգեբանական էր, մարդիկ գիտեին, որ իրենց վրա են հարձակվել, զգում էին հայրենիքի գլխին կանգնած վտանգը, որ թշնամին մտել է իրենց երկրի տարածք, ասել է թե՝ իրենց տուն: Այս պարագայում ոչ մի տղամարդ չէր կարող փախչել ու չպաշտպանել իր տունը:  Ինչո՞ւ այսօր այդ նույն ազգերի ներկայացուցիչները չեն ուզում մասնակցել ռուս-ուկրաինական պատերազմին:

Պատասխանը պարզ է. 1941-ին թշնամին էր մտել իրենց տուն, հիմա Ռուսաստանն է, մահ ու ավերածություն սփռելով, մտել եղբայրական սլավոնական ժողովրդի տուն ու այնտեղից դուրս չի գալիս:

Եթե անգամ ռուսական զորքերը լուծում են իրենց պատմական հողերը վերադարձնելու խնդիր կամ ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ են պայքարում, դա ՌԴ բնակիչները չեն հասկանում՝ ի՞նչ գործ ունի ռուս զինվորն Ուկրաինայի խորքերում:

Ինչ խոսք, այս պատերազմը հրահրել է Արեւմուտքը, հատկապես՝ ԱՄՆ-ն, որոնց նպատակը Ռուսաստանին պատերազմի մեջ ներքաշելն ու երկիրը թուլացնելն է: Հիմա էլ աշխարհաքաղաքական այս կենտրոնները, անընդհատ թեժացնելով կրակը, չեն թողնում, որ պատերազմը դադարի: Անկախ ամեն ինչից, հարձակվող կողմը միշտ մեղավոր է եւ կրում է զոհերի ու ավերածությունների պատասխանատվությունը:

Այս ագրեսիվ պատերազմում զոհվում են ոչ միայն ռուս եւ ուկրաինացի զինվորականներ, այլեւ՝ քաղաքացիական անձինք: Վլադիմիր Պուտինը մոբիլիզացիա հայտարարելիս հաշվի չէր առել մի կարեւոր հանգամանք. ժամանակակից մարդը պատերազմներ ու զոհեր չի ուզում, չի ուզում մտնել այլ երկրի տարածք ու այնտեղ սպանել կամ սպանվել:

Սխալ հաշվարկով՝ ՌԴ նախագահը մեծացրեց իր դեմ ուղղված բողոքի ալիքը եւ թուլացրեց իր իշխանության հիմքերը: 

ՀԳ․ Իլհամ Ալիեւը նույնպես հաշվի չի առնում այն հանգամանքը, որ ադրբեջանցիները դեմ են Հայաստանի սուվերեն տարածք մտնելուն եւ այստեղ պատերազմելուն: Ադրբեջանում եւս բողոքի ալիք է հասունացել՝ ընդդեմ Հայաստանի դեմ մղվող պատերազմի: 

Կիսվել էջում