Մամուլ

ՊՆ շենքից վտարված բնակչի 4 ամսական երեխան տեղափոխվել է հիվանդանոց

ՊՆ շենքից վտարված բնակչի 4 ամսական երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Պաշտպանության նախարարության նախկին շենքից վտարված և շուրջ 1 շաբաթ փողոցում հայտնված բնակիչներից մեկի 4 ամսական տղայի վիճակը վատացել է, նրան տեղափոխել են բուժհաստատություն:

Բնակիչներից մեկը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ փոքրիկն ու մայրը մեքենայի մեջ էին գիշերում.

«Երեխու ինքնազգացողությունն այսօր վատացավ, տեղափոխել են հիվանդանոց: Նույնը մեր մյուս երեխաներին է սպասվում, քանի որ մեկ շաբաթ է՝ դրսում են գիշերում»:

Մենք նաև զրուցեցինք 4 ամսական տղայի՝ Ալեքս Մկրտչյանի մոր՝ Անուշիկ Ավետիսյանի հետ, և նա մեզ փոխանցեց, որ երեխայի մոտ թոքաբորբ են կասկածում.

«Քանի որ վրանում օդը ծանր էր, ես բալիկիս հետ մեքենայի մեջ էի քնում, լինում էր, որ վառելիքը վերջանում էր, չէինք կարողանում լիցքավորել, որովհետև չենք աշխատում, գումար չկա:

Օրերով դրսում մնալով՝ երեխաս սառեց, սկսեց հազալ, հետո մի քանի օր ջերմեց, այսօր կրիտիկական էր վիճակը, որ շտապօգնության մեքենայով բերեցինք հիվանդնանոց:

Այստեղ ստուգեցին և նախնական ախտորոշումը՝ երկկողմանի թոքաբորբ է, հիմա սպասում ենք անալիզների և ռենտգեն հետազոտության պատասխանին: Երեխաս շտապօգնության մեքենայի մեջ ընկավ ցնցումների մեջ: Գիշերը ջերմեց մինչև 39.2, դեղով իջեցրեցինք, բայց լուսադեմին նորից բարձրացավ՝ դարձավ 39.5 ու սարսափելի հազում էր»:

Տիկին Անուշիկն ասաց, որ Ալեքսն իրենց կրտսեր որդին է, մեծը 16 տարեկան է, դպրոց է հաճախում, արդեն 1 շաբաթ է՝ ընկերոջ տանն է ապրում, մինչև իրենց տան հարցը լուծվի:

168.am-ը տեղեկացավ, որ փոքրիկին տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Բուժհաստատությունից մեզ հայտնեցին, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում.

«Երեխայի մոտ հազ և ջերմություն է եղել, այս պահին դեղորայքային բուժում է ստանում»:

Կիսվել էջում