Ժամանց

«Պետք է դաստիարակել ոչ միայն երեխաներին, այլև նրանց ծնողներին». Լիլյա Ասլանյան

Այսօր ռուս գրական քննադատ, հրապարակախոս Բելինսկու ծննդյան օրն է։ Նա իսկապես մեծ ավանդ է ունեցել ինչպես ռուս, այնպես էլ արտասահմանյան գրականության հրապարակախոսության մեջ։

Օրվա խորհրդով Bavnews.am-ը զրուցել է Բելինսկու անունը կրող թիվ 38 դպրոցի ղեկավար անձնակազմի հետ։

Դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Լիլյա Ասլանյանը, ով տարիներ առաջ ավարտել է այս դպրոցը, շատ է կարևորում Բելինսկու անվան դերը իրենց դպրոցի գործունեության մեջ․

-Հարգելի տիկին Ասլանյան, եկեք կատարենք պատմական հետհայաց և անցնենք դպրոցի զարգացման զարտուղի ճանապարհով․

–  Դպրոցը հիմնադրվել է 1943 թվականին, իսկ 1948 թվականին Բելինսկու 100 ամյակի պատվին այն անվանակոչվել է նրա անունով։ Դպրոցը հիմնադրման օրվանից ի վեր, տնօրենի գլխավորությամբ, եղել է ամենից հեղինակավորների եռյակում։  Թեև կային մրցակից դպրոցներ, բայց մենք միշտ ունեինք մեր դերը և նշանակությունը Երևանում։ Մենք ունեցել ենք վաստակավոր ուսուցիչներ։ Մենք ունեինք մեր հիմնը, մենք ունենում ենք Բելինսկու օրեր։

Մեր շրջանավարտները միշտ հպարտանում էին իրենց դպրոցով, ես նույպես սովորել եմ այս դպրոցում և հիշում եմ, որ գրեթե ամեն օր մեզ մոտ էին գալիս հայտնի մարդիկ, շփվում էին մեզ հետ և այս բոլորը մեկ նպատակով՝ մենք միշտ վստահ ենք եղել, որ դաստիարակությունը վեհ գործ է և այն է որոշում ազգի ճակատագիրը։

-Դուք պատմեցիք դպրոցի երբեմնի հաջողությունների մասին, իսկ այժմ վերադառնանք ներկա։ Այժմ սովորող աշակերտները հասկանում են դպրոցի կարևորությունը։  Ինչպիսի՞նն են դպրոցի  ցուցանիշները, աշակերտները արդյոք ձեռքբերումներ ունե՞ն Հայաստանյան կամ, միգուցե, միջազգային օլիմպիադաներում:

-Այո, մենք ունեցել ենք բազում շրջանավարտներ, ովքեր հիմա հայտնի բժիշկներ են, երաժիշտներ, գուցե անձնային կայացվածություն են ձեռք բերել արտերկրում։

Նրանք իսկապես բարձր են պահել մեր դպրոցի պատիվը։ Իհարկե, ունեցել ենք նաև աշակերտներ, ովքեր մասնակցել են միջազգային օլիմպիադաների, օրինակ ռուսաց լեզվից, և հաջողել են։

-Իսկ ինչպիսի՞նն է դպրոցի տեխնիկական հագեցվածությունը, գոյություն ունի՞ արդյոք ինտերնետ կապ, կարծում եմ Ձեր նախկին սաներից շատերը, որոնք գտնվում են օտար ափերում, կցանկանային հաղորդակցվել մայր դպրոցի հետ:

Մեր դպրոցը այն իրավիճակում է, ինչ բոլորը։ Չկա համապատասխան գույք, չկան պարագաներ, հատուկ սենյակներ։ Մեզ մոտ բոլոր դասերը անցկացվում են մեր սենյակում և աշակերտները բավարարվում են մեկ-երկու թղթիկներ պատերին փակցնելով։ Դպրոցը ունի լեզվական նշանակություն, բայց չկա լեզվաբանական սենյակ։ Ինչ էլ կա, ինքներս ենք ձեռք բերում, բայց ես զգում եմ, որ եթե հարուստ տեխնիկա լիներ, երեխաները ավելի մոտիվացված կլինեին։

Իսկ շրջանավարտների հետ կապված, ես հիշում եմ, որ նախկինում կային աշակերտներ, ովքեր գալիս էին, նրանց պատվին միջոցառումներ էին կազմակերպվում, բայց հիմա այնքան էլ չեն գալիս։

-Արդյոք երկրում տեղի ունեցած փոփոխությունները, դրական ազդեցություն չե՞ն ունեցել դպրոցներում իրավիճակի բարենորոգումների վրա․

-Կրթությունը շատ կարևոր գործոն է երկրի կառավարման հարցում, սակայն, մինչև այս, կրթության և գիտության նախարար են նշանակվել կրթությունից հեռու մարդիկ, ովքեր ետին պլան էին մղում ուսուցիչներին, այնինչ պետք էր նրանց բարձրացնել, ամեն ինչի հիմքը նրանք են։ Հուսանք այս հարցերը ևս կուղղվեն։

-Իսկ ի՞նչ խնդիրներ կբարձրացնեք, որոնք շուտափույթ լուծում են ակնկալում։

-Նախ պետք է պակասեցնել դասարաններում աշակերտների թիվը, պետք է վերանայվեն ուսումնական պլանները, երեխաները այնքան են ծանրաբեռնվում, որ գիշերները չեն քնում, դասերն են պատրաստում, ինչը ազդում է նրանց կրթական որակի վրա։ Երեխաներին պետք է տրվեն բազային գիտելիքներ։ Պետք է բարձրացվի ուսուցիչների աշխատավարձերը, բայց, որ ամենակարևորն է, պետք է առաջին պլան մղվի ուսուցիչը։ Ծնողները չպետք է իրենց երեխաների մոտ իջեցնեն ուսուցչի հարգը։

– Բացի գիտելիքներից, դպրոցը արդյոք ու՞նի նշանակություն «մարդ տեսակի» ձևավորման հարցում։

-Դպրոցը բացի գիտելիքներ տալուց, պետք է երեխաներին սովորեցնի մտածել և հասկանալ աշխարհը, սիրել ընկերներին, նրանց մեջ արթնացնի աշխատասիրություն և հետաքրքրություն կյանքի նկատմաբ։ Թե չէ երեխան դպրոցից դուրս է գալիս ու հասկանում, որ չգիտի այն, ինչ անհրաժեշտ է։ Դպրոցը պրակտիկ կյանքից շատ է կտրված։ Դրա համար շատ լավ կլիներ, որ երեխաների հետ աշխատեին հոգեբաններ, հմուտ մասնագետներ։ Մարդը, ով ընդունվում է մանկավարժական համալսարան, պետք է թեստ հանձնի՝ արդյոք ի վիճակի է մարդ դաստիարակել, իր փորոձով առաջնորդել մատաղ սերունդը։

-Վերջերս կառավարությունը որոշում կայացրեց, որ երեխաները պետք է հնարավորություն ունենան այցելել թատրոններ, թանգարաններ, բայց այն միանշանակ չընդունվեց այն պատճառաբանությամբ, որ առավել առաջնային են սոցիալական խնդիրները, ինչո՞վ է սա պայմանավորված։ 

-Երևի ճիշտը ոսկե միջինի մեջ է, իհարկե, նախ երեխային պետք է կերակրել, հագցնել, բայց միայն դա շատ քիչ է, պետք է զարգացնել նրա հոգին, սովորեցնել հմտություններ, ճաշակ ձևավորել։ Իսկ նախաձեռնությունը իսկապես հրաշալի է։ Պետք է մարդուն դաստիարակել, պետք է մարդու մեջ արթնացնել «մարդը»։

Ընդ որում, պետք է դաստիարակել ոչ միայն երեխաներին, այլև նրանց ծնողներին, քանզի նրանք կարևոր նշանակություն են ունենում երեխաների վրա։ Պետք է նախ լինել մարդ․ ահա սա էր մեզ սովորեցնում Բելինսկին։

-Օրվա խորհրդով պայմանավորված, ի՞նչ կցանկանաք մաղթել աշակերտներին․

-Ես իմ աշակերտներին միշտ հորդորում եմ կյանքի ցանկացած իրավիճակում մարդ մնալ, լինել աշխատասեր և ազնիվ, իրենք իրենց առաջ, իրենց բարեկաների առաջ միշտ լինեն պատասխանատու և հաշվետու։

Պետք է ինքնակատարելագործվել, հավատալ բարու հաղթանակին։ Ես լիահույս եմ, որ մեր երեխաները կապրեն ավելի լավ և ավելի հուսալի երկրում, քան մենք։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով