Մամուլ

Պեմզաշենում սպանված կնոջ ամուսինն արտերկրից վերադարձել է գյուղ

Պեմզաշենում սպանված կնոջ ամուսինն արտերկրից վերադարձել է գյուղ

Նախօրեին Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում սպանված հայտնաբերված 31-ամյա կնոջ ամուսինը Ռուսաստանից վերադարձել է գյուղ։ Այս մասին Պեմզաշենից հաղորդում է News.am-ի թղթակիցը։

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, իրենց տանը մահացած վիճակում հայտնաբերվել էին նաեւ 31-ամյա կնոջ երեխաները։ Տղան 8 տարեկան էր, 3-րդ դասարանի աշակերտ, իսկ դուստրը՝ 12 տարեկան, 7-րդ դասարանի աշակերտուհի։ Նրանք սովորում էին տեղի միջնակարգ դպրոցում։

News.am-ի թղթակցի հետ զրույցում հարեւաններն ու դպրոցի ուսուցիչները պատմել են, որ իրենք այսօր հարցաքննվել են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Հարեւանների խոսքով՝ սպանված կնոջ ընտանիքը նորմալ ապրող, հանգիստ ընտանիք է եղել։ Հարեւանները սպանված կնոջ ամուսնուն նույնպես դրական են բնութագրել, նշել, որ հնարավոր չէր, որ ամուսինը Ռուսաստանում այնպիսի խնդիրներ ունենար, որ փորձեին Հայաստանում իր ընտանիքից հաշվեհարդար տեսնել։

Սպանված կնոջ հարազատներից մեկը պատմել է, որ գյուղացիներից մեկին պոլիկլինիկայից թուղթ է հարկավոր եղել, գնացել է սպանված կնոջ տուն, որը պոլիկլինիկայի օպերատորն էր, մի քանի անգամ զանգահարել է, չի պատասխանել, ապա չի արձագանքել նաեւ դռան զանգերին, ինչից հետո էլ հարեւանները անհանգստացել են ու ահազանգել ԱԻՆ։

Փրկարարների ժամանելուն պես բացել են տան մյուս դուռը ու սպանված հայտնաբերել մորն ու նրա երկու զավակներին։

Կիսվել նյութով