Մամուլ

Պարզվել է երեկ Երևանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած «Howo» մակնիշի բեռնատարի վարորդի և մյուս ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ավագ քննիչ Հայկ Ասրյանի որոշմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է երեկ՝ մայիսի 13-ին, Երևանի Դավիթ Բեկ փողոցում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած բեռնատարի վարորդի ինքնությունը։ Հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ, 35-ամյա Էմին Ս․-ն է։

Քննչական բաժնում պարզվել է նաև, որ նրա բեռնատարը բախվել է Էրիկ Ստեփանյանին պատկանող «Jeep Cherokee» մակնիշի և Արկադի Ոսկանյանին պատկանող «Kia» մակնիշի ավտոմեքենաներին, ապա՝ Արտակ Դանիելյանին պատկանող «Hyundai» մակնիշի ավտոմեքենային, և մոտ 1 կմ առաջ ընթանալով՝ դուրս է եկել երթևեկելի գոտուց, մտել Դավիթ Բեկ փողոցի թիվ 45 հասցեի տան բակ, բախվել բետոնե շինության և այլ էլեմենտների։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար՝ արդյոք Էմին Ս․-ն մեքենա վարելու ընթացքում հանկարծամահ է եղել, թե ոչ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:40-ի սահմաններում «Howo» մակնիշի բեռնատարը Դավիթ Բեկի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բնակչի տան մեջ։

Վթարի հետևանքով վարորդը, ով արգելափակվել էր ավտոմեքենայում, տեղում մահացել էր։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին ավտոմեքենայի և վնասված տան սեփականատերերի, ինչպես նաև մահացած վարորդի ինքնությունը։

Պարեկները պարզել էին, որ մինչև նշված տան մեջ մխրճվելը, «Howo» բեռնատարը այս վթարի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա բախվել էր «Jeep» և «Kia» մակնիշի ավտոմեքենաներին, «Kia»-ն էլ բախվել էր մեկ այլ ավտոմեքենայի, ու «Howo» բեռնատարը այդ վիճակով առաջ էր ընթացել ու մխրճվել բնակչի տան մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Տեսանյութը՝ ատորև․

Կիսվեք ձեր էջում