Մամուլ

Պարեկային ոստիկանը ավտոմեքենայով տապալել է բետոնե էլեկտրասյունը

Պարեկային ոստիկանը ավտոմեքենայով տապալել է բետոնե էլեկտրասյունը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկ՝ 31-ամյա Պարույր Բաբայանը իր վարած Skoda Octavia մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան հին խճուղում՝ սգո սրահների ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնակման տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ էլեկտրասյունը, որի վրա եղել են 6000 վոլտ էլեկտրալարեր, տապալվել է և փակել ճանապարհը։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկաարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

parekayin vtar

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Սերգեյ Հարությունյանն ու Սամվել Հունանյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Մաշտոցի մասնաճյուղի ծառայողները, ովքեր անհրաժեշտ գործողություններ են կատարել, որպեսզի տապալված սյունը փոխեն նորով և էլեկտրամատակարարումը վերականգնվի։

Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։

Կիսվել նյութով