ԱշխարհԺամանց

«Պարգև չեմպիոնին», կամ ինչպես նուրբ հայուհին գրավեց լեգենդար հրեա շախմատիստի սիրտը

«Պարգև չեմպիոնին», կամ ինչպես նուրբ հայուհին գրավեց լեգենդար հրեա շախմատիստի սիրտը։ Շախմատի առաջին խորհրդային չեմպիոնի ու բալետի չքնաղ պարուհու սերն այսօր էլ հիացնում է շատերին։ Միխայիլ Բոտվիննիկը խոստովանել է, որ հայ կինը նրան ավելի բարի է դարձրել։

Sputnik Արմենիան գրում է․ Լեգենդար շախմատիստի ու տաղանդավոր բալերինայի սիրո պատմությանն անդրադարձել է isroe.co.il իսրայելական հարթակը «Շախնատիստն ու բալերինան, հրեան ու հայուհին, ամուսինը՝ անտանելի, ծանր, աթեիստ, կինը՝ նուրբ, լուսավոր, հավատացյալ» վերնագրով հոդվածում։

Միխայիլ Բոտվիննիկն ու Գայանե Անանովան հակապատկերներն էին․սակայն լրացնում էին մեկը մյուսին։ Հոդվածի հեղինակը նշում է, որ Միխայիլ Բոտվիննիկովի ընկերները Գայանեին «չեմպիոնի պարգև» էին կոչում, իսկ նա միայն ժպտում էր։ Որոշ ժամանակ անց լեգենդար շախմատիստը կասի․ «կինս բարիացրեց ինձ»։

Միխայիլն իր հուշերում նկարագրել է ծանոթությունը Գայանեի հետ․«1934 թվականի մայիսի 1-ին մեկնեցի Վասիլևսկի կղզի, իմ ընկեր Յակով Ռոխլինի տուն։ Ուշացել էի, բոլորն արդեն հավաքվել էին։ Նստեցինք սեղանի շուրջ։ Նայեցի կողքիս նստած աղջկան ու ապշեցի… Սևահեր մի աղջիկ` սև-սև աչքերով, սլացիկ ու նուրբ։ Նա այնքան հմայիչ էր։ Հետո միայն հասկացա, որ Գանոչկան (այդպես էր նա կոչում սիրելիին) ուրիշներին ավելի բարի դարձնելու հատկություն ունի։ Ես էլ չխուսափեցի դրանից…»։

Միխայիլ Բոտվիննիկ

20-ամյա Գայանեն ոչ միայն անհավանական գեղեցիկ էր, այլ նաև տաղանդավոր։ Աղջիկը գնացել էր հոր՝ հարգարժան պրոֆեսոր Անանովի հետքերով ու իրեն նվիրել էր բալետին։ Նա Մարիինյան, իսկ հետո Մեծ թատրոնի մենակատարուհին էր։

Ծանոթությունից մեկ տարի անց զույգն ամուսնացավ. շախմատի առաջին խորհրդային չեմպիոնը հիշում է․«Մենք սկսեցին երեքով ապրել՝ մայրս (նա սարսափելի բնավորություն ուներ, ես զգուշացրել էի հարսնացուիս դրա մասին, նաև ասել էի, որ ժամանակի ընթացքում ճաղատանալու եմ), Գանոչկան ու ես։ Սակայն կինս հեշտությամբ արեց այն, ինչը բոլորին չէ, որ հաջողվում էր, մայրս՝ Սերաֆիմա Սամոյլովան, սրտանց սիրեց նրան։

Գայանեն ամուսնու կողքին էր տխրության և ուրախության պահերին։ Նա անկեղծորեն հուզվում էր նրա հաջողությունների և ձախողումների ժամանակ, ամուսնու հետ առաջնությունների էր մեկնում։ Հավերժ սիրահարված ամուսինները միշտ համերաշխ և ուրախ էին։ Հետո նրանք դուստր ունեցան։ Հետո թոռներ․․․

1987 թվականի դեկտեմբերյան մի երեկո, երբ Գայանե Դավիդովնայի մոտ արդեն անբուժելի հիվանդություն էր ախտորոշվել, ամուսինը նրա սենյակ մտավ ու ասաց․«Իմ երիտասարդությունից ի վեր կողքիս միայն դու ես մնացել»։ Կինը կամաց պատասխանեց․«Ես քեզ չեմ լքի»։ Մի քանի ժամ անց Գայանեն մահացավ։

«Կինս» խորագրով գլխում Բոտվիննիկը գրել է. «Երիտասարդ ժամանակ, երբ ծանոթացա Գանա Անանովայի հետ, տարակուսում էի՝ ամուսնանա՞լ, թե՞ ոչ։ Եթե իմանայի՝ ինչ ուրախություններ ու տխրություններ են մեզ սպասվում, ինչ կորոշեի։ Անկասկած կառաջարկեի բարի ու անձնանվեր աղջկան իմ կինը դառնալ»։

Միխայիլ Բոտվիննիկը մահացավ կնոջի մահից ութ տարի անց։ Շախմատիստի աճյունասափորը, նրա ցանկությամբ, թաղել են «Գանոչկայի կողքին»։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով