Մամուլ

Պատրաստ են Զոդի կամրջի վթարի փորձաքննության արդյունքները

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքով հարուցված քրեական գործով ստացվել է նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը: Ըստ դրա՝ տեղի ունեցած վթարի եւ բռնկված հրդեհի միջեւ պատճառահետեւանքային կապ չի եղել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց գործով մեղադրյալ, պիկապի վարորդ Սողոմոն Հակոբյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը՝ միաժամանակ նշելով, որ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումն օրեր առաջ կրկին երկարաձգվել է։

Ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել սույն թվականի հուլիսի 6-ին՝ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետր հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա. բախվել էին «Գազել», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում հրդեհ էր բռնկվել «Գազել» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել էր «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում: Ստացած այրվածքներից՝ «Գազել»-ի վարորդը եւ 6 ուղեւորները մահացել էին: «Գազել»-ում գտնվող մյուս ուղեւորները, ինչպես նաեւ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները՝ 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոններ:

Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել մեղադրյալի պաշտպան Սեդա Սաֆարյանը:

– Տիկի՛ն Սաֆարյան, փորձաքննության եզրակացությունն ինչի՞ մասին է, դրանով ի՞նչ է պարզ դարձել:

– Նշանակված համալիր փորձաքննությունը հրդեհի հետ վթարի պատճառահետեւանքային կապը չի տվել, ինչը նշանակում է, որ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) նրան առաջադրված մեղադրանքը ճիշտ չէ, մեղադրանք կարող էր առաջադրվել 242-րդ հոդվածի 1-ին մասով՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար:

Հետաքրքիր է, որ հիմնական հարցը պետք է դրան ուղղված լիներ, որովհետեւ տրվել է, որ վթարի մեղք կա, մեղավորությունն իրենն է, սակայն չի տրվել, որ պատճառահետեւանքային կապ կա: Բայց մյուս հանգամանքները, մասնավորապես այն, թե ինչու է գազել մեքենայում տեղի ունեցել հրդեհ, քննությամբ պետք է պարզվի, եւ ինչու այդ հրդեհը հանգցնելուն ուղղված գործողություներն այնքան դանդաղ են տեղի ունեցել, որ այդքան մեծածավալ վնասներ են հասցվել:

– Հնարավո՞ր է՝ միջնորդեք ձեր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը վերաորակվի ՀՀ ՔՕ 242 հոդվածի 1-ին մասով:

– Այո՛, միջնորդելու եմ, եւ ոչ միայն դրա համար: Արդեն քանի ամիս է՝ ես քննչական մարմիններին, վերադաս դատախազին դիմումներ եմ գրում, որոնցով խնդրում եմ, որ գործի նշածս հանգամանքները դառնան քննության առարկա, ինչը, ըստ էության, այնպես չէ, որ արվում է: Ես կարծում եմ, որ դրա կապակցությամբ մեծ աշխատանք չի անում վարույթն իրականացնող մարմինը, իրենք հակված են պատճառահետեւանքային կապը, այսպես ասած, բանավոր կերպով, միայն երկու մեքենաների միջեւ վթարի տեղի ունենալու փաստով  արձանագրելուն՝ որպես մեր վստահորդի կողմից առաջացրած հետեւանք: Բայց ամեն ինչ կարվի, որ գնանք օբյեկտիվության դաշտ:

– Ձեր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի ժամկետն օրերս լրացել է: Քննչական մարմինը երկարաձգման նոր միջնորդություն ներկայացրե՞լ է:

– Այո՛, կալանավորման ժամկետը դարձյալ երկարաձգվել է: Դա էլ է մեզ համար անհասկանալի: Եթե պատճառաբանում են, որ մեր նշած միջնորդությունն են քննարկում, ապա ինչո՞ւ դրան լուրջ գնահատականներ չեն տրվել մինչ օրս: Մենք այն ժամանակ էլ ենք կանգ առել այն հանգամանքի վրա, որ մեքենաների շահագործումը եւ տեխնիկական հսկողությունն իրականացնում են նույն մարմինները: Բայց մեքենաների հսկողությունը բացակայում է եւ ձեւական բնույթ է կրում: Կհիշեք՝ դեպքից հետո ելույթ ունեցավ կարծեմ Տրանսպորտի նախարարը եւ խոսեց մեքենաներում վտանգավոր գազի բալոններ տեղադրելու մասին: Սա խոսում է այն մասին, որ բոլորն էլ գիտակցում են, որ «Գազել» մեքենայի վթարների պարագայում առանձնահատուկ տեղ ունեն իմ կողմից մատնանշված խախտումները:

Այսինքն՝ անվտանգության երաշխիքներ չեն եղել, ինչի հետեւանքով սովորական վթարի պարագայում արտասովոր բան կատարվեց, այսքան մարդու մահվան պատճառ հանդիսացավ: Ստացվում է՝ ընդունել են, որ մատոռի կողմից է հրդեհն սկսվել, սակայն թե ինչպես է կողքից խփված մեքենայի առաջամասում այդ իրավիճակն ստեղծվել, ինչու մեքենայի դռները չեն բացվել, ինչու չեն կարողացել մարդիկ դուրս գալ… Այս հանգամանքների վերաբերյալ մանրամասն նշումներ չկան: Իհարկե, փորձաքննության եզրակացությունը բավականին մեծ է, մենք ուսումնասիրման փուլում ենք, համենայն դեպս, մեր ուսումնասիրած մասում այդ հարցերի պատասխանները տեղ չեն գտել:

– Իսկ ե՞րբ է ստացվել փորձաքննության եզրակացությունը. կալանավորման երկարաձգումից առա՞ջ թե՞ հետո:

– Պատասխաններն ստացվել են մոտ 15 օր առաջ, համենայն դեպս, դատարանի տրամադրության տակ եղել են, որովհետեւ քննիչը դա ներկայացրել է դատարանին, ու զարմանալի է, որ դատարանը բացարձակապես նշանակություն չի տվել դրան:

– Տիկի՛ն Սաֆարյան, իսկ ինչպե՞ս է ձեր պաշտպանյալի առողջական վիճակը:

– Շարունակում է լավ չլինել: Խոր այրվածքներ են, դեռ չեն լավացել: Եվ նա շարունակում է մնալ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:

– Ավելի վաղ դուք Վճռաբեկ դատարանին էիք բողոքարկել նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության մերժման որոշումը: Դրանից որեւէ նորություն կա՞:

– Վճռաբեկ դատարանը բողոքը ետ է վերադարձրել առանց որեւէ պատճառաբանման, այսինքն՝ բողոքը քննության առարկա չի դարձրել: Մենք պատրաստվում ենք բողոքարկել նաեւ երկարաձգման մասին որոշումները, այսինքն՝ այժմ բողոքարկումների գործընթացների մեջ ենք:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել նյութով