Մամուլ

Պատերազմն ավարտված չէ, կողմերը պատրաստվում են. Տարածաշրջանը նման է վառոդի տակառի, որն ամեն րոպե կարող է պայթել

Պատերազմն ավարտված չէ, կողմերը պատրաստվում են. Տարածաշրջանը նման է վառոդի տակառի, որն ամեն րոպե կարող է պայթել

1in.am-ը գրում է․ Հայաստանի ԶՈՒ-ն պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ԶՈՒ բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, զորավարժությունների նպատակն է ստուգել զորքերի մարտունակությունը, օպերատիվ օղակի կառավարման կարողությունները և ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտել հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնել ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ, ինչպես մարտական, այնպես էլ ոչ մարտական հրաձգություններով:

Մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժություններին, ինչպես նախարարությունն է հայտնում, ընդգրկվում են շուրջ 7500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաև օդային հարձակման միջոցներ։

պատերազմ

Նշենք, որ Ադրբեջանի զինուժը ևս հայտարարել է զորավարժություններ անցկացնելու մասին։ Զորավարժությունները կմեկնարկեն մարտի 15-ին կշարունակվեն 4 օր։

Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ վերլուծաբանների  համար հստակ է, որ արցախյան խնդիրը որևէ կերպ լուծված չէ, իսկ կողմերը պատրաստվում են նոր զարգացումների.

«Որքան էլ Ալիևը հայտարարի, թե ղարաբաղյան հակամարտությունն այլևս անցյալում է, իսկ մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն նման հույսեր տա՝գործընթացները շարունակվում են։ Ասեմ ավելին՝ հաշվի առնելով մեր բանակային վերջին իրադարձությունները, նույնիսկ տպավորություն կա, որ մենք այդ զորավարժություններն անցկացնելու ենք առանց երկրի քաղաքական իշխանության ցուցումների։

Այսինքն՝ տպավորություն է, որ բանակային համակարգը ավտոնոմ կերպով պատրաստվում է նոր մարտահրավերների, հնարավոր է նույնիսկ՝ արտաքին ուժերի ցուցումով»։

Կիսվել նյութով