Մամուլ

Պատգամավորները նիստերից բացակայելու պատճառով կարող են զրկվել մանդատից

Պատգամավորները նիստերից բացակայելու պատճառով կարող են զրկվել մանդատից

Radar Armenia-ն գրում է․ Տևական ժամանակ է՝ ընդդիմադիր պատգամավորները բոյկոտում են խորհրդարանի աշխատանքները՝ իրենց գործունեությունն իրականացնելով փողոցում։ Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ պատգամավորների բացակայությունը կարող է նրանց մանդատից զրկելու համար հիմք հանդիսանալ։

Կանոնակարգի 156 հոդվածի համաձայն՝ պատգամավորի լիազորությունները կարող են դադարել «մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու» դեպքում: Կանոնակարգը նաև սահմանում է, թե որ դեպքերում է պատգամավորի բացակայությունը համարվում հարգելի։

Դրանցում, սակայն, ներառված չեն քաղաքական ակցիաներով պայմանավորված բացակայությունները։

ԱԺ նախագահի մամլո խոսնակ Ծովինար Խաչատրյանը Radar Armenia-ի հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունը հաշվվում է նիստերի ու քվեարկությունների մասնակցության քանակով.

«Բացակայության դեպքում, եթե պատգամավորները լրացնում են բացակայությունը բացատրող փաստաթուղթ, այդ դեպքում ԱԺ նախագահը, ըստ օրենքի, դա համարում է հարգելի»։

ishxan saghatelyan

Մեր հարցին՝ քաղաքական ակցիաները բացակայության հարգելի պատճառ համարվո՞ւմ են, Խաչատրյանը բացասական պատասխան տվեց. «Պատգամավորները մեկ անգամ բացակայելու իրավունք ունեն, որն արդեն սպառվել է, մնացած դեպքերում անհրաժեշտ է համապատասխան հարգելի պատճառների մասին գրություն ներկայացնել»։

Ծովինար Խաչատրյանի խոսքով՝ պատգամավորների բացակայությունները անհարգելի չեն համարվում, պարզապես համարվում են բացակայություն այնքան ժամանակ, քանի դեռ չի հատվել շեմը, որի պարագայում արդեն մանդատից զրկվելու հարց է առաջանում.

«Պատգամավորները մանդատից զրկվում են, երբ համապատասխան անհարգելի բացակայությունների քանակը ներկայացվում է ՍԴ, ու վերջինս որոշում է մանդատից զրկելու հարցը»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից Գեղամ Նազարյանը, սակայն, Radar Armenia-ի հետ զրույցում պնդեց. «Բայց ինչո՞ւ պետք է մեր բացակայությունները անհարգելի համարվեն, երբ մեր գործունեությունը, որպես պատգամավոր, հրապարակային է, և իրենք տեսնում են, որ մենք անում ենք այն գործը, որը պետք է բոլորն անեն, բայց հիմա այս պահին մենք ենք անում»։

Նազարյանի խոսքով՝ ինքը անհարգելի բացակայության որևէ դրսևորում և դրվագ չի տեսնում։

Կիսվել նյութով