Մամուլ

«Չորս օրական երեխային վերցնեմ, ո՞ւր տանեմ, տուն-տեղ չունենք». Հադրութցի կին

«Չորս օրական երեխային վերցնեմ, ո՞ւր տանեմ, տուն-տեղ չունենք». Հադրութցի կին

168.am-ը գրում է․ Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղից հոկտեմբերի 17-ին դուրս եկած Ալվարդ Զելյանի 6 հոգանոց ընտանիքը ժամանակավոր բնակվում է Վանաձորի մանկատանը:

Տիկին Ալվարդն ասում է` ապագան մշուշոտ է, չգիտեն, թե ո՞ւր են գնալու և ի՞նչ են անելու:

«Գյուղից դուրս գալուց միայն անձնագրերն ենք հասցրել վերցնել, ու ամեն մեկը՝ իր մեկ ձեռք հագուստը: Աղջիկս էլ Շուշիից է, 4 օր առաջ ծննդաբերել է, սպիտակեղենի, լողացնելու հարմարանքի, տակդիրների անհրաժեշտություն կա: Համայնքապետարանը սնունդով օգնում է, աջակցության ծրագրերից մեկից օգտվել ու տաք հագուստ ենք ձեռք բերել, կոշիկ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ալվարդ Զելյանը:

Ասում է՝  կուզեր վերադառնային Արցախ, բայց չգիտի՝ ուր:

Հադրութ

«Չորս օրական երեխային վերցնեմ, ո՞ւր  տանեմ: Տուն-տեղ չունենք: Ամեն ինչ թողել ենք, անգամ տան գրքույկը չենք վերցրել: Աղջիկս, նրա սկեսրոջ ընտանիքը Շուշիում են իրենց տները կորցրել, իմ, ամուսնուս հայրական տները ևս կորցրել ենք, եղբորս տունը՝ նույնպես: 5 տուն կորցրել ենք, հիմա ես ո՞ւր գնամ, ո՞ւմ տուն գնամ: Առանց աշխատանքի գնամ Արցախ՝ ոնց ապրեմ:

Այնտեղ փեսաս ինչքան փնտրել է, տուն չի գտել: Մեկ սենյականոց տան վարձը 150.000 դրամ է: Չունենք աշխատանք ոչ ես, ոչ ամուսինս, ոչ աղջիկս»,- նշեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ եթե Հադրութը հետ վերադարձնեն՝ իրենք անպայման կգնան, կապրեն իրենց գյուղում:

Ընտանիքին կարող եք աջակցել՝ կապ հաստատելով նշված հեռախոսահամարով՝  097133440:

Կիսվել էջում