Մամուլ

Չինարիում ամուսինը խեղդամահ է արել 30-ամյա կնոջը, ով 3 անչափահաս երեխա ուներ և ուսուցչուհի էր

Չինարիում ամուսինը խեղդամահ է արել 30-ամյա կնոջը, ով 3 անչափահաս երեխա ուներ և ուսուցչուհի էր։ Տավուշի մարզում երեկ ցավալի դեպք է տեղի ունեցել։ Չինարի բնակավայրի տներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել կախված վիճակում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, Չինարի բնակավայրի բնակիչ՝ 30-ամյա Նաիրուհի Ա-ն իրենց տան ննջասենյակում մանկական օրորոցից պարանով կախվելու միջոցով ինքնապանություն է գործել։ 

Դեպքի վայր ժամանած դատական բժիշկը, զննելով դին, հայտնել է, որ դիակի արտաքին զննությամբ դեմքի շրջանում հայտնաբերվել են քերծվածքներ։

Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հունվարի 22-ին, ժամը 15։00-ի սահմաններում Չինարի բնակավայրի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Պետրոսյանը իր առանձնատան ննջասենյակում Նաիրուհի Ա-ին հակի թելով խեղդամահ է արել։

Մահացածը աշխատում էր նույն գյուղի դպրոցում՝ ուսուցչունի, իսկ ամուսինը բացի մշակույթի տան տնօրենը լինելուց նաև գյուղի հողաշինարարն է։ Նրանք 3 անչափահաս երեխա ունեն։ Նախկինում խնդիրներ չեն ունեցել։ 

Ամուսինը նախնական ցուցմունքում նշել է, որ երբ վերադարձել է տուն, տեսել է որ կինը չկա, նա նաև զանգերին չի պատասխանում, մտել է ննջասենյակ ու տեսել, որ կինը կախվել է, սակայն երբ դատական բժիշկը հայտնել է, որ կնոջ վրա հետքեր կան, ամուսինը հայտնել է, որ ինքն է խեղդել, վիճաբանության ժամանակ՝ հակի թելով։

Հավելենք, որ Չինարիում ամուսնու կողմից խեղդամահ արված կինը Նորաշեն համայնքից էր և նրա հարազատները դին տեղափոխել են այնտեղ, որպեսզի իրենց գյուղում հուղարկավորեն։ 

Աղբյուր՝ shamshyan.com

Կիսվել նյութով