Մամուլ

«Չեմ կարծում, որ կգտնվի մայր, որը իր երեխայի առողջության վրա գումար կշորթի». Սանասարյանի կողմից ենթադրաբար վրաերթի ենթարկված երեխայի մայր

«Դա աբսուրդ է, ամոթ է անգամ, ես չեմ կարծում, որ կգտնվի այնպիսի մայր, որը կցանկանա իր երեխայի առողջության վրա գումար շորթե»լ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից ենթադրաբար վրաերթի ենթարկված երեխայի մայրը՝ անդրադառնալով Սանասարյանի այն պնդումներին, թե երեխայի մայրն իրենից 300 000 դրամ գումար է պահանջել:

«Երբ դեպքը կատարվեց, ես, չճանաչելով, չիմանալով, որ Դավիթ Սանասարյանը քաղաքական գործիչ է, մտածել եմ՝ վարորդ է, որի հետ պատահար է եղել, որը կարող էր յուրաքանչյուրիս հետ էլ լինել: Մտածել եմ՝ նրան ավելորդ քաշքշուկների մեջ չգցեմ, ամեն ինչ ավելի մարդավարի էլ կարող է լինել, բայց իր վերաբերմունքը զարմացրել է ինձ: Նա այս ամենից հետո մի անգամ չզանգեց՝ հարցներ՝ երեխան ինչպե՞ս է, ինչպե՞ս է քնել երկրորդ օրը, չվախենալով ասեմ, չհարցրեց նաև, թե ինչի՞ անհրաժեշտություն կա, ի վերջո իր պատճառով է այդ ամեն ինչը եղել, ինքը զուտ ասաց՝ ինձ չանհանգստացնեք»,- պատմեց երեխայի մայրը:

Նա նշեց, որ դա իր համար շատ վիրավորական էր և դրանից հետո էլ բավականին շատ լրատվականներ են իրեն զանգահարել, սակայն ինքը չի ցանկացել պատմել այս ամենը: «Երբ ես մնացի մենակ այս իմ վիճակի հետ, բավականին բարկացած էի, երբ Analitik.am-ն ինձ զանգահարեց, ես ուղղակի ասացի՝ թող բոլորն իմանան, որ սա է մեր նոր Հայաստանը»,- ասաց նա և հավելեց. «Նա (Դավիթ Սանասարյան) բացարձակ չի զանգել, չի հետաքրքրվել»:

Նա նշեց, որ այդ օրը երեխան ամբողջ գիշեր չի քնել, ջերմել է, ջերմության մեջ զառանցել է: Ըստ նրա՝ երեխան խոսում էր, գոռում էր, ցավեր ուներ: «Գիշերամիզությունը մինչ հիմա շարունակվում է վախից, երեխան մենակ չի քնում:  Հիմա պետք է երեխայի կողքը պառկեմ, քնի, նոր դուրս գամ սենյակից, չի քնում միայնակ, իր մեջ վախ կա»,- նշեց նա:

Դրանից հետո, ըստ նրա, ինքն է զանգել Սանասարյանին: «Ես զանգեցի, ասացի, որ չի զանգել՝ հետաքրքրվի, թե ո՞նց տուն հասանք, ո՞նց է  երեխան իրեն զգում, ուղղակի մարդկային: Ինքն իրեն մարդկային չպահեց: Նա ինձ ասաց՝ իմ փոխարեն լինեիք, ի՞նչ կանեիք: Մենք իրեն պատասխանեցինք՝ վատագույնը մի հատ շոկոլադ կառնեինք, կգնայինք երեխային տեսակցության, իմ քունը չէր տանի մինչև երեխային չտեսնեի»,- պատմեց նա:

Կնոջ խոսքով՝ ինքը Դավիթ Սանասարյանին տեղեկացրել է, որ լրատվամիջոցներն իրենից հետաքրքրվում են դեպքի մասին: «Իրեն զանգահարել, ասել եմ, որ ինձ լրատվամիջոցներից զանգում են, ինքն էլ ասաց՝ ինչ ուզում եք, ասեք, ես վախենալու բան չունեմ, ինձ մի՛ զանգահարեք, մի՛ անհանգստացրեք, ես էլ անելու բան չունեմ»,- ասասց նա և վստահեցրեց, որ նրանից գումար չի ուզել:

«Ես իրեն ասել եմ միայն, որ երեխան դպրոցում ունի հաջողություններ, մեկ ամիս տանը պետք է մնա և չի կարող դասերը բաց թողնել: Ես խնդրեցի իրեն, որ եթե ունի ծանոթ ուսուցիչ, թող ուղարկի, որ երեխան լրացուցիչ ուսուցչի հետ պարապի, որովհետև ռուսական դպրոց է գնում, կամ ասացի՝ իր ուսուցիչը կարող է գալ, իր հետ տանը պարապի, ես փողի անուն բացարձակ չեմ տվել: Մի խոսքով՝ ես իրեն ասել եմ, որ մենք ունենք մեր ուսուցիչը, եթե ոչ, դուք ձերը կարող եք մեզ տրամադրել, ինքն ասել է՝ այո, ես ձեզ հասկացա, կզանգեմ»,- նշեց նա:

Ըստ երեխայի մոր՝ որոշ ժամանակ անց իրեն Դավիթ Սանասարյանի կողմից զանգել է ինչ-որ մեկն ու ասել, որ Սանասարյանն էլ անելիք չունի, շատ վատ վիճակում է, անձնական, ֆինանսական խնդիրներ ունի ու նրան էլ չանհանգստացնեն այլևս, այլապես՝ «ուրիշ ձև խոսակցություն կլինի»:

«Այդ զանգից վիրավորվել և ասել եմ՝ «թքել եմ» իր վրա, իր ուսուցչի ու իր օգնության վրա, ասել եմ, որ այլևս մեզ չանհանգստացնեն»,-նշել է ենթադրաբար վրաերթի ենթարկված երեխայի մայրը:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով