Ազատ խոսք

Ուշադրությո՛ւն․ վարչապետը փորփրում է ձեր հաշիվները և հետևում ձեզ. Անդրանիկ Թևանյան

Ուշադրությո՛ւն․ վարչապետը փորփրում է ձեր հաշիվները և հետևում ձեզ. Անդրանիկ Թևանյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։

«Ուշադրությո՛ւն․ վարչապետը փորփրում է ձեր հաշիվները և հետևում ձեզ. Անդրանիկ Թևանյան

Երեկ վարչապետի շուրթերից շատ վտանգավոր հայտարարություններ հնչեցին խորհրդարանում։

Արցախի հարցով վարչապետը փաստացի խոստովանեց, որ բանակցում է փուլային տարբերակի շուրջ։ Մինչդեռ նախկինում համառորեն հերքվում էր բուն բանակցությունների առկայությունը («դրանք բանակցություններ չեն, այլ քննարկումներ և շփումներ») և թաքցվում, որ այն տխրահռչակ փուլային տարբերակի շուրջ է։

Արցախի ու արտաքին քաղաքականության վերաբերյալ ավելի մանրամասն կանդրադառնամ հետագայում։ Այժմ արժե վարչապետի մեկ այլ վտանգավոր վարքագծի մասին խոսել։

Անդրադառնալով կորոնավիրուսային պայմաններում քաղաքացիներին տրվող աջակցության թեմային՝ վարչապետը հանցագործության մասին հայտարարություն արեց։

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ էր ներկայացնում ՀՀ քաղաքացիների ունեցած ավանդների չափերի և նրանց դրամական շարժի մասին, ինչը նշանակում է, որ մարդկանց ֆինանսական անվտանգությունը և բանկային գաղտնիքը գործնականում վերացել է։ Ապօրինաբա՛ր։

Որտեղի՞ց վարչապետին տեղեկություններ մասնավոր բանկերում քաղաքացիների ունեցած ավանդների չափի մասին։

Սա շատ ավելի լուրջ հարված է մեր տնտեսությանը և, մասնավորապես, բանկային համակարգին, քան կարող ենք ստանալ կորոնավիրուսային ճգնաժամի արդյունքում։

Կորոնավիրուսն ի վերջո նահանջելու է, իսկ ահա բոլորին հետևող «մեծ եղբոր» սինդրոմի բացասական հետևանքները դեռ երկար իրենց զգացնել կտան։

Այս իշխանության օրոք մոռացե՛ք տնտեսության առողջացման, ներդրումների և ճգնաժամի հաղթահարման մասին։

Կորոնավիրուսը ոմանց գլխի ու մտածողության մեջ է»։

Կիսվել նյութով