Մամուլ

Ում հետ խոսում եմ, ասում են՝ Արմեն ջան, շտաբներ չբացես, չենք գալու, բայց ձայները տալու ենք ձեզ

Այսօր ՀՀԿ-ի թեկնածուները՝ Արմեն Աշոտյանն ու Արփինե Հովհաննիսյանը, քարոզարշավի մեկնարկին ներկայացրին իրենց նախընտրական ծրագիրը: Աշոտյանն ասաց, որ այսօր իրենց քաղաքական թիվ մեկ մրցակիցը Արցախի հետ կապված գնահատական տվեց, որը զարհուրելի կարող էր թվալ անգամ վեց ամիս առաջ: Նա նկատի ուներ Սասուն Միքայելյանի հայտարարությունը, որ այս հաղթանակն ավելի կարեւոր էր, քան արցախյան ազատամարտինը: Աշոտյանն ասաց, որ իրենք կանխատեսում են քաղաքական սպառնալի հետեւանքը, որը գործող իշխանությունների՝ երկրի հանդեպ անլուրջ վերաբերմունքի պատճառով կարող է լինել:

Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ համոզված է՝ վերջին ամիսներին տեղի են ունենում քայլեր, որոնք անհանգստանալու առիթ պետք է տան. «Ի՞նչ ենք տեսնում վերջին ամիսների զարգացումների ընթացքում, մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի կողմից ուղղակի փառահեղ քննադատություն՝ ուղղված ՀՀԿ-ին»: Ըստ նրա՝ եթե լավն է, չեն ասում, որ ՀՀԿ-ի արածն է, եթե վատն է, սեւացնում են, ծայրահեղացնում. «Ապագայի մասին շենշող խոստումներ են՝ լավ եք ապրելու, աշխատավարձեր, թոշակներ են բարձրացնելու:

Խոստումներ կան, որոնք տրվել են ու արդեն իսկ արձանագրված է, որ չեն կատարելու՝ արագաչափեր, կարմիր գծեր, կուտակային կենսաթոշակ եւ այլն: Պոպուլիզմ չգնահատեք: Կարելի՞ էր ինչ-որ պահի հայտարարել, որ այն ժամանակ, երբ քննադատել ենք, ճիշտ չենք արել»: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ դիտորդի կարգավիճակում չեն ուզում լինել, ամբողջությամբ գիտակցել են իրենց քաղաքական ուղին, թերությունները եւ պատասխանատու են: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է ձեր քարոզչական թերթիկը սեւ ու սպիտակ:

Աշոտյանը պատասխանեց, որ այդտեղ գաղափար կա դրված. «Հայաստանին այս 6-7 ամիսների ընթացքում պարտադրվել է սեւ ու սպիտակ իրականություն: Ամեն ինչ կամ լավ է, կամ վատ է: Ինչ երեկ է՝ վատ էր, ինչ այսօր է՝ լավ է: Իրենք լավն են, մենք՝ վատը, իրենք հրեշտակներն են, մենք՝ դեմոնները: ՀՀ-ին պարտադրված խաղի կանոնը սեւ ու սպիտակ է, բայց անգամ այս իրականության մեջ, որ մեզ պարտադրվել է, մենք կարող ենք թելադրել սեփական օրակարգը: Այն բոլոր մտահոգությունները, որոնք կան, մենք կարող ենք պարտադրել իշխանություններին»: Քարոզչական բուկլետի ներսում եռագույնի գույներով լուծումներ են:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ իրենց պատրաստակամությունն է պաշտպանել ազգայինը:Լրագրողները հարցրին՝ դուք ասում եք, որ ՀՀ-ում կան մտահոգ քաղաքացիներ, որոնք կարող են ձայն տալ ՀՀԿ-ին, որքա՞ն քվե եք ակնկալում ստանալ: Աշոտյանը պատասխանեց, որ դեռեւս պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ իշխանությանը սպասարկող քաղաքական ուժերը եւ մեդիա դաշտը սկսել են գուժել, որ ՀՀԿ-ն ստանալու է 0 ձայն «Հիշո՞ւմ եք, վարչապետը  ԱԺ ամբիոնից ասաց՝ 0 ձայն եք ստանալու: Դա նախեւառաջ անարգանք է ՀՀ քաղաքացիների հանդեպ: Ակնհայտ է, որ մենք զրո ձայն չենք ստանալու, մենք ստանալու ենք տասնյակ հազարավոր ձայներ: Եթե անգամ, դիցուք, մենք չանցնենք ԱԺ, այդ տասնյակ հազարավոր մարդիկ ՀՀ անձնագիրը կրող քաղաքացիներ են:

Կեղծ դեմոկրատական իշխանությունները ի սկզբանե այդ մարդկանց հանում են իրականությունից: Մարդիկ սկսել են վախենալ կարծիք հայտնելուց: Ես գիտեմ բազմաթիվ դեպքեր իմ ընտրատեղամասում, մարդիկ, ում հետ խոսում եմ, ասում են՝ Արմեն ջան, շտաբներ չբացես, չենք գալու, բայց ձայները տալու ենք ձեզ: Չենք գալու, որովհետեւ վախենում ենք աշխատանքը կորցնել, չենք ուզում մեր տուն մարդ այցելի ու հարցնի՝ ինչու ես գնացել Աշոտյանի շտաբ: Բայց Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին դեկտեմբերի 9-ի գիշերը սպասում է մեծ անակնկալ»:

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել նյութով