Մամուլ

Ուկրաինայում հայերի շրջանում զոհվածների թիվը հասնում է 40-ի․ «Հրապարակ»

Ուկրաինայում հայերի շրջանում զոհվածների թիվը հասնում է 40-ի

Hraparak.am-ը գրում է․ Փետրվարի վերջին սկսված ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է մինչ օրս։ Այս հինգ ամիսների ընթացքում Ուկրաինան լքել է մի քանի միլիոն մարդ։ Հստակ թվեր չեն հրապարակվում, քանի որ դեռ շարժ կա․ մարդիկ դուրս են գալիս պատերազմական գոտիներից, երբեմն էլ  վերադառնում են։

Պատերազմն ավերել է ուկրաինական մեծ ու փոքր քաղաքներն ու գյուղերը, երկու ճակատներից էլ կան տասնյակ հազարավոր զոհեր և վիրավորներ։ Եղբայրասպան, դաժան պատերազմը շարունակվում է եւ կողմերից ոչ մեկը դեռեւս զիջելու ցանկություն չի դրսեւորում։

Ուկրաինայում այս պահին տիրող իրավիճակի մասին զրուցել ենք Ուկրաինայում բնակվող հայազգի քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանի հետ։

– Այս պահին Ուկրաինայում պատերազմի հերթական փուլն է, որը տարբերվում է նախորդներից՝ նրանով, որ արդեն ռուսական կողմը չի կարողանում նույն թափով հարձակողական գործողություններ կատարել, իսկ ուկրաինական բանակը ճակատի գիծը ստաբիլիզացնելով, որոշ տարածքներում ինքն է կազմակերպում հակահարձակման գործողություններ։

rus ukraina lrutyun

Դա դեռ հակահարձակում չի, դա ընդամենը նախապատրաստական հակահարձակողական գործողություններ են։ Ուկրաինական զորքերը հարվածում են, ոչնչացնում են թշնամու զենքի պահեստները, զորքերի կուտակումները, ոչնչացնում են ռուսական լոգիստիկան։

– Երեկ Եվրոպայի ամենամեծ ատոմակայանին հարակից տարածքներում են պայթյուններ տեղի ունեցել, որից անմիջապես հետո Ուկրաինան մեղադրեց Ռուսաստանին հրթիռակոծման համար, Ռուսաստանն էլ՝ Ուկրաինային։

– Ատոմակայանի շուրջ ռուսական գործողությունները կարելի է անվանել ահաբեկչություն։ Ընդհանրապես այս պատերազմը կարելի է համարել ահաբեկչական և ցեղասպան պատերազմ Ռուսաստանի կողմից։

Հիմա ռուսական զորքերը շատ վատ վիճակում են հայտնվել՝ և բարոյահոգեբանական, և ընդհանուր առմամբ՝ իրենց վիճակը շատ  է վատացել։ Ռուսները նման քայլերով փորձում են շանտաժ անել՝ ամբողջ աշխարհին դրդելով դեպի զինադադար։

Բայց զինադադար չի լինելու, մինչև Ուկրաինան ամբողջությամբ չազատագրի իր տարածքները, որտեղ մտել են օկուպանտները։ Ինչպես գիտեք, օկուպանտների կեսը արդեն մարզից դուրս են շպրտվել, իսկ  Կիևի, Չեռնիգովի, Սումիի և Օդեսայի մարզերից ամբողջությամբ։

rus zinvorner

– Կա՞ հստակ թիվ, թե ազգությամբ քանի հայ է կռվում այս պատերազմում ուկրաինական կողմից։

– Հայազգի կռվողների քանակ չեմ կարող ասել։ Բոլորը, ովքեր Ուկրաինայի քաղաքացիներ են և ազգությամբ հայ նրանք կռվում են կամ բանակում, կամ տարածքային պաշտպանական խմբերում։ Ովքեր էլ, որ չեն կարող կռվել՝ կամավորագրվել են և օգնում բանակին, մարդկանց։ Մի մասն էլ աշխատում են, հարկեր են վճարում և իրենց աշխատանքով են օժանդակում ուկրաինական բանակին։

– Զոհվածների  ճշտված թիվ  կա՞ այս պահին հայերի շրջանում։

– Զոհվածների թիվը հասնում է 40-ի։ Օրերս ևս մեկ հայ զոհվեց տարածքային պաշտպանական խմբից։ 2/3-րդը քաղաքացիական անձեր են, 1/3-րդը՝ զինվորական։ Քաղաքացիական զոհերը, որոնք հիմնականում Մարիուպոլից են, ավելի շատ են։

– Հայ համայնքի որքա՞ն մասն է լքել Ուկրաինան։

– Իմ գնահատմամբ, հայ համայնքի 10 տոկոսը որպես փախստական այս պահին գտնվում է Եվրոպայում։

Կիսվել նյութով