Մամուլ

Ուզում է՝ ձվերով գան, լոլիկով կամ բանջարաբոստանային այլ մթերքով, դա մեզ չի վախեցնում. Սաթիկ Սեյրանյան

Ուզում է՝ ձվերով գան, լոլիկով կամ բանջարաբոստանային այլ մթերքով, դա մեզ չի վախեցնում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

«Այսօր եւ՛ լրատվամիջոցներն են թիրախավորվում, եւ՛ նրանց զրուցակիցները. շատ հաճախ տարբեր ոլորտների լավ մասնագետներ խուսափում են խոսել, կարծիք արտահայտել, որովհետեւ վախենում են այն հայհոյանքների տարափից, այն անձնական վիրավորանքներից, որոնք ցանցերում ուղղվում են իրենց դեմ․ սա շատ վտանգավոր երեւույթ է:

Ես շատ զարմացա, որ այդ երիտասարդները եկել էին «Հայելու» խմբագրություն եւ մինչ այդ՝ գործողություններ չէին կատարել Կառավարության շենքի առջեւ կամ, օրինակ, Բաղրամյան 26-ի, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ այնտեղ էր նստում, ով 2018 թվականին սեպտեմբերին առաջին անգամ հանդիպելով Ալիեւին՝ ասել էր, որ կիրթ մարդու տպավորություն էր թողել իր վրա։

Ստացվում է, որ նրան կարելի է դա ասել, կարելի է այդ բառապաշարով ելույթներ ունենալ, նրանց լրատվամիջոցում կարելի է տարբեր երկրների ղեկավարների հասցեին հանդես գալ, եւ ոչ միայն՝ Ադրբեջանի (ընդ որում` Ադրբեջանի նկատմամբ երբեմն ավելի զուսպ են հանդես գալիս, քան այլ երկրների ղեկավարների), բայց այլ լրատվամիջոցի, որեւէ այլ մեկին չի կարելի։ Ստացվում է, որ այն ինչ իրենց կարելի է, որեւէ մեկին չի կարելի»,- ասաց Սեյրանյանը։

Սեյրանյանի խոսքով՝ հասարակությունը պետք է հասկանա ու գնահատի լրագրողի ծանր աշխատանքը, լրատվամիջոցների դերը, հատկապես որ ներկայումս բավականին դժվարացել է լրագրողի աշխատանքը։

«Ուզում է՝ ձվերով գան, լոլիկով կամ բանջարաբոստանային այլ մթերքով, դա մեզ չի վախեցնում»։

Կիսվել էջում