Մամուլ

Ուզում եմ հավատալ, որ երկիրն իր մեջ ուժ կգտնի դիմակայելու վերահաս վտանգին. Քոչարյանի շնորհավորական ուղերձը

Ուզում եմ հավատալ, որ երկիրն իր մեջ ուժ կգտնի դիմակայելու վերահաս վտանգին։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Դեպի Անկախություն տանող մեր ճանապարհը չափազանց դժվար էր ու լի փորձություններով:

Այն սկսվեց պատերազմով, տնտեսության փլուզմամբ և էներգետիկ ճգնաժամով, ինչը մեծ տառապանք պատճառեց մեր բոլոր քաղաքացիներին: Սակայն, չնայած այդ փորձություններին և ի հեճուկս դրանց, այդ տարիներին դրվում էին մեր պետականության հիմքերը:

Մենք չափազանց մեծ գին ենք վճարել Անկախության համար և պետք է փայփայենք այն: Բայց հնարավոր չէ պահպանել Անկախությունն՝ առանց հզոր պետականության:

Ես պատիվ եմ ունեցել 10 տարի մեր պետության ղեկավարը լինել և շնորհակալ եմ ճակատագրին՝ երկրիս ծառայելու հնարավորության համար: Այդ տարիներին շատ բան է արվել երկրի անվտանգության ամրապնդման, տնտեսության զարգացման և պետականաշինության գործում: Մենք արել ենք հնարավորը, որպեսզի Հայոց պետականության ընկալումը դառնա քաղաքացիների կողմից մեր ազգային ինքնության ընկալման անբաժանելի մասը:

Սակայն այսօր երկիրը կանգնել է տարիներ շարունակ արյամբ և քրտինքով կառուցածը անպատասխանատու կերպով քանդելու վտանգի առաջ:

«Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը, ոչնչացվում ավանդական ազգային արժեքները, անհանդուրժողականություն և փոխադարձ ատելություն է սերմանվում:

Ուզում եմ հավատալ, որ երկիրն իր մեջ ուժ կգտնի դիմակայելու վերահաս վտանգին: Որ հասարակությունը պատվով հաղթահարելու է նաև ա՛յս փորձությունը՝ դառնալով ավելի ուժեղ և խոհեմ, ձեռք բերելով սևը՝ սպիտակից, ստախոսին՝ ճշմարտախոսից, անամոթ պոպուլիզմը՝ պատասխանատու քաղաքականությունից տարբերելու այնքան կարևոր փորձառություն:

Սիրելի հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ, մաղթում բարեկեցություն, համերաշխություն և խաղաղ երկինք»։

Կիսվել նյութով