ՄամուլՏեսանյութ

Որոշ ծնողներ ասացին, որ ավելի լավ է՝ մեկ տարի ուշ դպրոց տանենք երեխային, քան այսպիսի պայմաններով (Տեսանյութ)

Որոշ ծնողներ ասացին, որ ավելի լավ է՝ մեկ տարի ուշ դպրոց տանենք երեխային, քան այսպիսի պայմաններով

Փորձեցինք ամեն բան անել, որպեսզի դպրոց հաճախելու օրը դառնա տոնական եւ երեխաների համար վառ հիշողության վերածվի, բայց այսօր մենք ունենք խնդրահարույց կետերով ուղեցույց, որի համաձայն պետք է կազմակերպենք ուսուցումը դպրոցում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի տնօրեն Մարիա Խախամյանը։

«Սկսենք նրանից, որ բոլոր երեխաները, մեծահասակները, ուսուցիչները պետք է պարտադիր դիմակ կրեն դպրոցում։ Հատկապես երկարօրյա ուսուցմամբ դպրոցում դա իրոք խնդրահարույց է հատկապես երեխաների դեպքում, ինչի մասին բարձրաձայնել են բազմաթիվ մանկավարժներ ու բժիշկներ։

Որոշակի ռիսկերից դա, անշուշտ, պաշտպանում է, բայց իր հետ բերում է մի շարք այլ խնդիրներ, մասնավորապես, շատ հնարավոր է, որ երկար ժամանակով երեխաների դիմակ կրելը հանգեցնի առողջական շատ ավելի լուրջ խնդիրների։

Եվ այսօր, այդքան երկար սպասումներից հետո, մենք պետք է փակենք նրանց դասասենյակներում, փաստացի միջանցք դուրս գալն  արգելենք, դասամիջոցներն էլ երեխաները պետք է անցկացնեն դասարաններում՝ շփումը հնարավորինս նվազեցնելու համար։ Մենք, իհարկե, գիտակցում ենք, որ որոշակի պաշտպանիչ դեր խաղում է դիմակ կրելը, բայց համարում ենք նաեւ, որ այն անհրաժեշտություն է տրամաբանության սահմաններում։

Ցանկալի կլիներ, որ գոնե դասաժամերին, եթե մենք դասասենյակներում ապահովում ենք սոցիալական հեռավորությունը, երեխաները նստեին առանց դիմակի, էլ չեմ ասում ուսուցիչների մասին, հատկապես տարրական դասարանների ուսուցիչների, որոնք հնչյունը արտաբերելիս պետք է կարողանան ցույց տալ ու նաեւ երեխային տեսնել, ինչպես է նա կրկնում հնչյունը։ Այս ամեն ինչը խնդիր է», ասել է կրթահամալիրի տնօրենը։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել էջում