Մամուլ

Ովքե՞ր են Սուքիասյանների ավիացիոն նոր բիզնեսի դե յուրե տերերը․ «Հետք»

Ովքե՞ր են Սուքիասյանների ավիացիոն նոր բիզնեսի դե յուրե տերերը

Hetq.am-ը գրում է․ Ազգային ժողովի իշխանական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը Հայաստանում ցանկանում է նաեւ ավիացիոն բիզնեսով զբաղվել: Սուքիասյանները մոլդովացի գործընկերների հետ համատեղ ընկերություն են հիմնել Երեւանում, սակայն վերջինս ՀՀ քաղավիացիայի կոմիտեից դեռեւս չի ստացել օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ), ինչը թույլ է տալիս իրականացնել առեւտրային փոխադրումներ:

Խոսքը «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ի մասին է, որը հիմնադրվել է այս տարվա մարտի 18-ին: «Ավիացիայի մասին» օրենքի համաձայն՝ ՕՇՎ կարող են ստանալ այն իրավաբանական անձինք, որոնց բաժնեմասերի առնվազն 51 %-ը սեփականության իրավունքով պատկանում է ՀՀ քաղաքացիներին եւ/կամ մեր երկրում գրանցված իրավաբանական անձանց:

«Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ի 54 %-ը պատկանում է ՀՀ քաղաքացիների, իսկ 46 %-ը գրանցված է մոլդովական «Fly One» ընկերության անունով:

aviaynkerutyun

Քիշնեւում գրանցված «Fly One»-ը հիմնադրվել է 2015-ի սեպտեմբերին եւ մոլդովական քաղավիացիոն իշխանությունների կողմից ՕՇՎ ստացել 2016-ի մարտին: 2018-ին մոլդովացիները Ռումինիայում հիմնել են նոր ընկերություն՝ «Fly One Airlines»: Եվ ահա «Fly One Armenia»-ի ստեղծումը մոլդովական ավիաընկերության ցանցի հերթական ընդլայնումը կարելի է համարել:

Հայաստանում «Fly One»-ի գործընկերները Սուքիասյաններն են, սակայն «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ում եղբայրներից՝ Խաչատուր, Սարիբեկ, Էդուարդ եւ Ռոբերտ Սուքիասյաններից, ոչ մեկ չկա: Հայկական կողմին պատկանող 54 %-ը գրանցված է այլ անձանց անունով, որոնք, սակայն, ըստ ամենայնի, փոխկապակցված են Սուքիասյաններին:

Երեւանի 2 բնակիչ՝ Հակոբ Աբրահամի Ալեքսանյանն ու Արմեն Ռաֆիկի Սիրունյանը ունեն 24,5-ական տոկոս փայ: Արմեն Սիրունյանը Սուքիասյանների մերձավորներից է, ինչպես նաեւ ՆԳ նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, վաղամեռիկ Սուրեն Սիրունյանի եղբայրը (Վ. Սիրադեղյանը նաեւ Խաչատուր Սուքիասյանի քենակալն է):

flyone sepakanater

«Ֆլայուան Արմենիան» գրանցված է Երեւանի Զավարյան փողոցում՝ Արմեն Սիրունյանի հաշվառման հասցեում, որի հարեւան հասցեում էլ գրանցված են Սուքիասյանները:

Բացի՝ Հ. Ալեքսանյանից ու Ա. Սիրունյանից՝ ՍՊԸ-ում եւս 5 տոկոս փայ ունի երեւանցի Լարիսա Աշոտի Սահակովան:

Մոլդովական «Fly One»-ի տերերն էլ նախկին պաշտոնյաներին փոխկապակցված անձինք են: Ներկայում ընկերությունը կիսված է 2 ընտանիքի միջեւ:

40 տոկոսը պատկանում է Մոլդովայի արդարադատության նախկին (2015-2017 թթ.) նախարար Վլադիմիր Չեբոտարի կնոջը՝ Մարիա Չեբոտարին, իսկ 10 տոկոսը՝ նախկին պաշտոնյայի քրոջը՝ Մարիանա Տաբույկեին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում