Մամուլ

Ոստիկանները լաց էին լինում, երբ հիշում էին, թե ինչպես է ժողովուրդն իրենց վիրավորել ու ստորացրել Մարտի 1-ի ժամանակ

ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու Վոլոդյա Հովհաննիսյանը հրաման թիվ 0038-ը սխալ է համարում:

Հարցին թե ի՞նչ էր իրենից ներկայացնում այդ հրամանը, Վ. Հովհաննիսյանն պատասխանեց. «Համաձայն այդ հրամանի՝ ստեղծվել է Երևանի կայազորի պետի աշխատակազմ, որը պետք է ղեկավարեր այն զորքերը, որը զորանոցային վիճակի էին բերվել ու բերվել էին Երևան։ Զորքերը զորանոցային վիճակի էին բերվել, որ Ադրբեջանը չօգտվի մեր ներքաղաքական վիճակից ու չհարձակվի։ Երկրորդ կետով ստեղծվել է աշխատակազմ, այն դեպքում, երբ գործող հրամաններով այդ աշխատակազմն արդեն գոյություն ուներ, ինչո՞ւ էին նոր աշխատակազմ ստեղծում, դա ես հիմարություն եմ համարում, որի համար այսօր նրանք պատասխան են տալիս։ Իսկ մարտական պատրաստակամության բարձր աստիճանի բերման հրամանով՝  այնտեղ հստակ նշված է, թե որ պաշտոնատար անձը որքան և ինչ ստորաբաժանումներ կարող է տագնապով հանել։ Պաշտպանության նախարարը 500-ից ավելի զորք չէր կարող տագնապով հանել, դա արդեն պետական հանցագործություն է»։

Պետք է հարցաքննվեն բոլոր նրանք, ովքեր պատճառ են հանդիսացել այդ քաղաքական զարգացումների՝ Նիկոլ Փաշինյան, Ալիկ Արզումանյան, Լևոն Տեր-Պետրոսյան։

«Արդյունքում՝ մենք ունենք 8 քաղաքացիական և 2 ոստիկանների մահ։ Հետագայում ես եղել եմ նաև Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, անձամբ խոսել եմ նրանց հետ, ովքեր այնտեղ են եղել, ոստիկանները լաց էին լինում կաբինետում, երբ հիշում էին, թե ինչպես է ժողովուրդն իրենց վիրավորել ու ստորացրել, ինչպես է աղտեղություններ լցրել նրանց վրա, և այդ կողմն այսօր հերոսական վիճակում է»։

Կիսվել էջում