Մամուլ

Ողբերգական Վթարի մասնակից «Lexus»-ի ոչ սթափ վարորդի նկատմամբ դատարանը կիրառել է երկամսյա տնային կալանք

Մայիսի 23-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հենրիկ Սերոբյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 26-ամյա Նիկոլայ Մ․-ի նկատմամբ։

Վերջինս մայիսի 22-ին մասնակցություն է ունեցել Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարին՝ ոչ սթափ վիճակում վարելով «Lexus» մակնիշի ավտոմեքենան, իսկ նրա հետ մասնակցություն ունեցած 29-ամյա մոտոցիկլավար Էրիկ Տ․-ն տեղում մահացել էր, իսկ վերջինիս ուղևոր՝ 32-ամյա Գոհար Ա․-ն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց հետո, դատավորը վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժել է քննիչի միջնորդությունը և Նիկոլայ Մ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց որոշում է կայացրել 2 ամսյա տնային կալանքը։ 

Ինչպես վաելի վաղ  դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը՝ մայիսի 22-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 02:00-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Նիկոլայ Մ.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենան և 29-ամյա Էրիկ Տ.-ի վարած «Triumph» մակնիշի մոտոցիկլը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավարը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գոհար Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ «Lexus»-ի վարորդը բուժօգնության համար դիմել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով մոտոցիկլը գլխիվայր շրջվել էր։

«Lexus»-ի վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։


Կիսվեք ձեր էջում