Մամուլ

Ողբերգական հրդեհը բազմաթիվ հարցեր է առաջացրել

Ողբերգական հրդեհը բազմաթիվ հարցեր է առաջացրել

News.am-ը գրում է․ Գեղարքունիքում տեղակայված զինվորական կացարանի ողբերգական հրդեհի առնչությամբ պաշտոնական տեղեկատվությունը մի շարք հարցեր է առաջացրել:

Ինչո՞ւ էին տղաները 20 հոգով բնակվում գյուղական հին, երեքսենյականոց տանը, որը չէր համապատասխանում զորանոցի անվտանգային չափանիշերին:

Ինչո՞ւ էին նրանք փորձում բենզինով կրակ վառել , եթե նախարարությունը, ինչպես իշխանությունն է վստահեցնում, ապահովել էր նրանց ջեռուցման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Գուցե փայտը չոր չէ՞ր, հատկապես որ երեկ դեպքի վայրում News.am-ի նկարահանող խումբն ականատես է եղել, որ փայտը դրված էր դրսում, բաց երկնքի տակ:

Դեպքի վայրում զինվորականները մեզ պատմել են, որ օրվա մեջ մի քանի անգամ զինվորները ստիպված են եղել որպես կպչան դիզվառելիքով թրջված կտոր օգտագործել:

Մինչդեռ վարչապետը կառավարության նիստում վստահեցնում էր, որ նման անհրաժեշտութուն պետք է չառաջանա, քանի որ Գլխավոր շտաբը հատուկ այրիչներ է բաժանել, բացի դրանից Գլխավոր շտաբի պետի հրամանով՝ ըստ Փաշինյանի, նախորդ տարվա դեկտեմբերից արգելվել է կրակը վառելու համար դյուրավառ նյութերի օգտագործումը:

15 զինվորի կյանք խլած հրդեհի տեղանքում դեռ քննչական գործողությունները  չէին ավարտվել, երբ իշխանությունը շտապեց վարկած առաջ քաշել, ինչը դիտվեց որպես նախաքննական մարմնի հստակ ուղղորդում։

Ինչո՞ւ առանց նախաքննության Փաշինյանը շտապեց մատնացույց անել մեղավորին եւ աշխատանքից ազատել երկրորդ կորպուսի ամբողջ հրամկազին: Ի վերջո, եթե կարելի է առանց քննության պատժել կորպուսի հրամանատարին, ինչո՞ւ չպատժվեցին նրա վերադասները՝ գլխավոր շտաբի պետից մինչեւ նախարար եւ նույնիսկ գերագույն գլխավոր հրամանատար:

զորամաս

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի խոսքով, դասակի հրամանատարն ամենադիպուկն է բնորոշել իրավիճակը՝ «բարդակ»։ Ըստ նրա, իշխանությունը շտապում է մատնացույց անել մեղավորներին, որպեսզի հասարակությունը կենտրոնանա դրանց վրա և իրավիճակը չդիտի քաղաքական պատասխանատվության տիրույթում, սլաքները չուղղվեն դեպի իրական մեղավորները։

Բացի դրանից, տարակուսանք է առաջացնում պաշտոնական հայտարարությունների հակասականությունը: Օրինակ, այդպես էլ չորոշակիացավ, թե երբվանի՞ց է տունը ծառայել որպես զինծառայողների կեցավայր, պաշտոնական աղբյուրները երեք տարբեր ամսաթվեր են նշում:

Փաշինյանը վստահեցնում է՝ 2020–ի պատերազմից հետո, Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է՝ «սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո, երբ զորամասը պայթեցվել էր»,  ըստ Քննչական կոմիտեի զինվորական վաշտը 2021 թվականի մայիսի 13-ից է տեղակայվել Ազատ գյուղի տներից մեկում։

Մարուքյանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն էր արել։ Ըստ նրա՝ Կառավարությունը պատվիրել է իտալական մոդուլային զորանոցներ, որոնք, ըստ Մարուքյանի տեղեկությունների, արդեն Հայաստանում են եւ պետք է փոխարինեն կացարաններին։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ միայն այս դեպքից հետո հասարակությունը տեղեկացավ իտալական մոդուլային զորանոցներ մասին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով