Մամուլ

Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. «Զազո» ցուլը հարվածել է իրեն խնամողին, ով տեղում մահացել է

Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. «Զազո» ցուլը հարվածել է իրեն խնամողին, ով տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ մարզի գյուղերից մեկի բնակչին պատկանող հողամասում գտնվող անասնագոմի մոտ կնոջ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու Ոստիկանության Արագածի բաժնի պետ Գևորգ Պալյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի գումարտակի երկրորդ վաշտի երկրորդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և դասակի հրամանատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գագիկ Նալչաջյանն ու Գոռ Սեկոյանը։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են որ մահացածը նույն գյուղի բնակիչ 73-ամյա Լիդա Հ.-ն է։

Դեպքի վայրում հավաքվածները Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասում են, որ Լիդա Հ.-ի մահվան պատճառը եղել է ընտանիքին պատկանող «Զազո» կովի հասցրած հարվածը։

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Տեղում հավաքված գյուղացիները նաև ասում էին, որ «Զազո» կովը տարիներ առաջ ընտանիքի անդամները գնել են Արագածոտնի մարզում «Զվարթիչ» անվամբ հայտնի անասնաբույժից և միշտ հոգացել են նրա խնամքը։

Բնակիչները զարմացել էին, թե ինչ էր պատճառը, որ նման ողբերգական դեպք է տեղի ունեցել։

Կիսվել էջում