Մամուլ

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. կա 3 զոհ, 7 վիրավոր

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. կա 3 զոհ, 7 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝  հոկտեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում բախվել են Mitsubishi Grandis և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի և Մարալիկի բժշկական կենտրոններ:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, Շիրակի մարզային փրկարարական վարչության փրկարարները:

Մի քանիսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:

avtovtar shirak

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մարալիկի բաժնի հերթապահ խումբը: Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով 2 ավագ քննիչների գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մարալիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել էջում