Մամուլ

Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ, 1 վիրավոր․ բախվել են Toyota Alphard-ն ու Lada 2115-ը

Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ, 1 վիրավոր․ բախվել են Toyota Alphard-ն ու Lada 2115-ը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 63 կմ հատվածում՝ Քուչակ գյուղի սկզբնամասում, բախվել են Toyota Alphard և Lada 2115 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:Փրկարարները վիրավոր կնոջը մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Ապարանի շտապօգնության ավտոմեքենային, որից հետո մահացածի մարմինը դուրս են բերել Lada-ի միջից:

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացնում պարեկներ Կարեն Թերզյանն ու Արթուր Սահակյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է:

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունը, Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վրավորի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել էջում