Մամուլ

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ Զոդի կամրջի հարևանությամբ բախվել են BMW-ն ու VAZ 2101-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ Զոդի կամրջի հարևանությամբ բախվել են BMW-ն ու VAZ 2101-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի՝ Զոդի կամրջի հարևանությամբ բախվել են BMW և VAZ 2101 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։

Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

zod avtovtar 2

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և Ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալներ Հայկ Դավթյանի, Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի վայրից BMW-ի վարորդը հեռացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Կիսվել էջում