Մամուլ

Ողբերգական ավտովթար՝ Սպիտակում. մահացածը 2 օր առաջ ՌԴ-ից ժամանել էր Հայաստան՝ քրոջ հարսանիքին մասնակցելու համար

Ողբերգական ավտովթար՝ Սպիտակում. մահացածը 2 օր առաջ ՌԴ-ից ժամանել էր Հայաստան՝ քրոջ հարսանիքին մասնակցելու համար

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի՝ Սպիտակի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Chrysler և Volksagen Golf մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր« ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Սպիտակի և Վանաձորի բժշկական կենտրոնների շտապօգնության բրիգադները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները Volkswagen-ի միջից դուրս են բերել տղամարդու դի։

spitak avtovtar

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե Վանաձորի ու Սպիտակի բժշկական կենտրոնների բժիշկները գործել էին օպերատիվ, ապա Վանաձորում գործող դիահերձարանի աշխատակիցները (այն կապ չունի «Վանաձոր» ԲԿ-ի հետ) դեպքի վայր էին ժամանել առանց սավանի, և վարորդը փորձում էր դին բաց վիճակում տեղափոխել դիատար։

Եթե Երևանում ու որոշ մարզերում դիատար ավտոմեքենաներն ապահովված են անհրաժեշտ պարագաներով, ապա այս դեպքում Վանաձորում այլ պատկեր է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի էր, 2 օր առաջ մասնակցելիս է եղել քրոջ հարսանեկան արարողությանը և Լոռու մարզից մեկնում էր Տավուշի մարզ՝ ծնողների մոտ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են «Վանաձոր» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Վահագն Մկրտչյանն ու նշված ԲԿ-ի փոխտնօրեն Մեսրոպ Հազրոյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդը, ով Սպիտակից դեպի Վանաձոր ընթանալիս դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Chrysler-ին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում։

Կիսվել նյութով