Մամուլ

Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. ճակատ ճակատի բախվել են Shevrolet Cruze-ն ու Vaz 21-04-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. ճակատ ճակատի բախվել են Shevrolet Cruze-ն ու Vaz 21-04-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 12:45-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Մեծ Պարնիի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են Shevrolet Cruze եւ Vaz 21-04 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել հերթապահությունից հրշեջ-փրկարարական ջոկատ մեկնող Սպիտակի հրշեջ-փրկարարներն ու ​օպերատիվորեն ժամանած Սպիտակի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը, տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Բժիշկները, մինչեւ հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին:

Ականատես քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը, ով վթարի հետ կապ չի ունեցել, նույնպես վատացել է, և նրան ևս Սպիտակի բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, սակայն քաղաքացին հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ ասելով,​ թե Շիրակամուտում եմ ապրում, արդեն լավ է զգացողությունս, կարգավորեցիք, կգնամ տուն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու Ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Սերգեյ Մալաքյանը:

Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները, փակել 04-ի գազաբալոնը եւ վիրավորներին պատգարակով մոտեցրել շտապօգնության​ ավտոմեքենային:

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է ​ քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը:Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը 04-ի վարորդն է:

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել էջում