Մամուլ

Ողբերգական ավտովթար՝ Ապարանում. բախվել են Toyota-ն ու Նիվան․ ոստիկանության մայորը տեղում մահացել է

Ողբերգական ավտովթար՝ Ապարանում. բախվել են Toyota-ն ու Նիվան․ ոստիկանության մայորը տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 60 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Շենավան գյուղի բնակիչ՝ 38-ամյա Էդգար Ստեփանյանի վարած ռուսական համարանիշներով ՎԱԶ 2121 մակնիշի և Մուղնի գյուղի բնակիչ՝ 53-ամյա Սիրակ Մինասյանի վարած Toyota Corolla մակնիշի ոստիկանական համարանիշներով ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով Ս. Մինասյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Ոսկեվազ գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Խաչատրյանը և Նիվայի վարորդ Է. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

niva

Վիրավորներին առաջինը օգնության են հասել օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Բժիշկները, վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողներ Հենրիկ Կարապետյանը, Համլետ Ալոյանն ու Մարտուն Թոմասյանը։ 

toyota

Վթարի մասին ՃՈ 1-77 օպարատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Ս. Սիմոնյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Փաստի առթվ Բ. Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականվ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացած Ս. Մինասյանը աշխատում էր ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակում՝ որպես ավագ տեսուչ, կոչումով ոստիկանության մայոր էր։

Նա բազմաթիվ անգամներ ծառայության ընթացքում տեղի ունեցած ավտովթարներից հետո 3 տասնյակից ավելի վիրավոր քաղաքացիների է օգնել, իր ծառաղողական ավտոմեքենայով նրանց տեղափոխելով հիվանդանոցներ, և բժիշկները միշտ դրական են արտահայտվել՝ ասելով, որ եթե Սիրակը վիրավորներին ժամանակին չտեղափոխեր հիվանդանոց, գուցե նրանց կյանքը փրկել հնարավոր չլիներ։

Կիսվել էջում