Մամուլ

Ո՞ր փուլում են մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքները

Ո՞ր փուլում են մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքները

Sputnik Արմենիան գրում է․ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ Երևանում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծային աշխատանքներում ներգրավված են ռուս մասնագետները։

Երևանի մետրոպոլիտենի նոր` դեպի Աջափնյակ տանող կայարանի կառուցման աշխատանքների համար երկու փուլից բաղկացած մրցույթ է հայտարարվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

«Նախագծման համար մրցույթ է հայտարարվել, որ կարողանանք ընտրել կազմակերպություն, այդ կազմակերպությունը նախագծային փաթեթ նախապատրաստի, քանի որ շատ մասնագիտական է և շատ տարբեր փաստեր պետք է հավաքագրել»,- ասաց նա։

Մետրո

Նոր կայարանի կառուցման նախագիծն ավարտին հասցնելուց հետո միայն քաղաքային իշխանությունը կառավարության հետ կքննարկի համապատասխան միջոցների ներգրավման հարցը։ Իսկ նախագիծը վերջնական տեսքի բերելու հարցում օգնության կհասնեն ռուս մասնագետները։

«Մենք չունենք համապատասխան մասնագետներ, որոնք կկարողանան մետրոյի կայարան նախագծել և դրսից մասնագետներ ենք ներգրավում։ Այս պահի դրությամբ մեզ աջակցում են ռուսաստանցի մասնագետները»,- նշեց Սարգսյանը։

Կիսվել նյութով