Մամուլ

Ո՞ր կուսակցությունն է դառնալու ընտրությունների անակնկալը. «Ժողովուրդ»

Ո՞ր կուսակցությունն է դառնալու ընտրությունների անակնկալը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Առնվազն ընտրությունների հայտարարման պահից, մերձկրեմլյան շրջանակների պատվերով, հեղինակավոր ռուսական ընկերության մասնագետներ քաղաքական հարցումներ են իրականացնում Հայաստանում, ինչը չի հրապարակվում եւ հանդիսանում է առավելապես ներքին օգտագործման փաստաթուղթ: Սակայն մեզ հայտնի են դարձել որոշ նախնական դիտարկումներ:

Նախ, ի զարմանս ռուս մասնագետների՝ ընտրություններից մեկ շաբաթ առաջ էլ հարցվողների մեկ երրորդը չի կողմնորոշվել կամ խուսափում է հստակ պատասխան տալ, ինչն էլ իր հերթին բարդացնում է ընտրությունների ելքի կանխատեսումը եւ մեծացնում անակնկալների հավանականությունը:

Մյուս միտումը, որ արձանագրել են ռուսաստանյան մասնագետները, այն է, որ երկու առաջատարները մրցապայքարի վերջին հատվածում մոբիլիզացնում են ոչ միայն իրենց ընտրազանգվածը, այլեւ իրենց դաշնակից համարվող ուժերի ընտրազանգվածը, որի արդյունքում երրորդ եւ միակ անցողիկ ուժը կարող է դառնալ երկու լիդերների ուղղակի սատելլիտ չհամարվող «Լուսավոր Հայաստանը»` բավականին տպավորիչ արդյունքով:

Էդմոն Մարուքյան

Համաձայն այդ ուսումնասիրությունների` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հավանական ընտրողների դեմոգրաֆիական հատկանիշները վերլուծելիս պարզ է դառնում, որ վարկանիշային աճն ապահովում են 18-35 տարեկան հարցվածների խումբը, որը, որպես իր ընտրության հիմնական պատճառ, նշում է խաղաղության եւ համերաշխության մթնոլորտի հաստատումը ընտրություններից հետո, ինչի մասին առավելապես խոստանում է հենց այս կուսակցությունը։ Այլ տարիքային խմբերում (35-50, 50 եւ ավելի) եւս կա որոշակի աճ, որը, սակայն, այդքան զգալի չէ, ինչպես վերոնշյալ տարիքային խմբում։

Ոչ մասնագիտական լեզվով ասած Էդմոն Մարուքյանի ու նրա թիմի քարոզարշավների ու հրապարակային խոսքի ընթացքում հնչեցրած ներքին համերաշխության, լրջության ու պատասխանատվության թեզերը, անցած շաբաթավերջի տվյալներով, էականորեն բարձրացրել են այդ ուժի վարկանիշը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կիսվել նյութով