ՄամուլՔաղաքականություն

Շվեյցարիայում դեսպա՞ն, թե՞ առողջապահության նախարար. որ պաշտոնին կնշանակվի Արա Բաբլոյանը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը որոշել է բժիշկ, պատգամավոր Արա Բաբլոյանին նշանակել Շվեյցարիայում ՀՀ դեսպան: Անգամ տեղեկացանք, որ արտաքին գործերի նախարարությունն արդեն նրա թեկնածության ագրեմանն ուղարկել է Շվեյցարիա և սպասում է այդ երկրի հաստատմանը:

Ա. Բաբլոյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց, որ ինքը Շվեյցարիայում դեսպան է նշանակվելու: «Ո՛չ: Այդպիսի բան չկա, ինձ ոչ նման բան առաջարկվել է, ոչ էլ քննարկվել է այդ հարցը»,- ասաց նա: Մենք փորձեցինք նաև արտգործնախարարությունից մեկնաբանություն ստանալ այս հարցի շուրջ, բայց մեզ պարզապես չպատասխանեցին: Նշենք, որ դիվանագիտության մեջ ագրեմանն ուղարկելը գաղտնի գործընթաց է, և այդ մասին հրապարակավ չեն հայտնում:

Եվ դա հրապարակայնացնում են միայն այն ժամանակ, երբ տվյալ երկիրն ընդունում է առաջարկված թեկնածությունը: Լինում են դեպքեր, իհարկե, հազվադեպ, որ առաջարկված թեկնածությունն ինչ-ինչ պատճառով մերժվում է և նոր թեկնածություն է առաջարկվում:

Իսկ ընդհանուր առմամբ, ագրեմանի հաստատումը հատկապես Եվրամիության անդամ երկրներում տևում է մինչև երեք ամիս: Ինչ վերաբերում է, Ա. Բաբլոյանին, ապա կարծիք կա, որ նա չի ընդունում դեսպան նշանակվելու առաջարկը, ավելի շատ ուզում է առողջապահության նախարար նշանակվել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել էջում