Մամուլ

«Շուտ գնա ստեղից, թե չէ առանց արգանդի կմնաս»․ Հերթական միջադեպը Սաշիկ Սարգսյանի մասնակցությամբ

Hraparak.am-ը գրում  է․ (Դեպքը արխիվից է թարմացված․ 18․09․2015):

Խմբագրություն այցելած տիկինը հուզված էր, վրդովմունքից դժվարությամբ էր բառեր գտնում և խնդրում էր անպայման թերթում գրել իր պատմածը, որ «մարդիկ իմանան մեզանում ինչեր են լինում»։ Կատարվածը ներկայացնում ենք տիկնոջ ուղղակի խոսքից, բնականաբար, չենք հրապարակում անունը, որ նա «թիրախ» չդառնա և որևէ կերպ ճշտել այս պատմությունը չկարողացանք։

Սեպտեմբերի 17-ին, կեսգիշերին մոտ ինքը որդու հետ դուրս է եկել փողոց՝ շնիկին ման տալու։ Երբ հասել է Թումանյան փողոցի միջնամասը՝ «Քոֆե-շոպ» սրճարանի մոտ, տեսել է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, ով հարևան շենքում է բնակվում, փողոցում կանգնած է։

Այդ պահին նրա կողքով անցնելիս է եղել մի զույգ՝ երիտասարդ աղջիկ-տղա։ Ցավոք, ինքը չի հասցրել նկատել, թե ինչ է տեղի ունեցել հենց այդ պահին՝ կամ Սաշիկ Սարգսյանն ինչ որ ռեպլիկ է արել, կամ՝ հայացքն այն չի եղել, ինչին ի պատասխան երիտասարդը բորբոքվել և պատասխանել է։

Չի անցել մի քանի վայրկյան, հավանաբար Ս․Սարգսյանի կանչով, ժամանել են 2 ջիպ, դրանց միջից դուրս են եկել մի խումբ պարապած տղաներ և հարձակվել են իր ընկերուհու թասիբին կանգնելու փորձ արած երիտասարդի վրա։ Ընկերուհին փաթաթվել է տղային, գոռացել-օգնության կանչել, բայց հրոսակախումբը նրան պոկել են տղայից, մի կողմ տարել ու տղային դաժան ծեծի ենթարկել։

Տեսարանն այնքան սահմռկեցուցիչ է եղել, աղջկա կանչերն այնքան աղիողորմ, որ բավականին մարդ է հավաքվել, տեսել ու լսել այդ ամենը, բայց ոչ ոք, այդ թվում խմբագրություն այցելած տիկինը, վախեցել են միջամտել։ Միայն մի տարեց կին է անեծքներ ուղղել՝ մորդ արգանդը չորանար, ինչին ի պատասխան «հերոսն» ասել է՝ «շուտ գնա ստեղից, թե չէ դու առանց արգանդի կմնաս»։

Աղբյուր՝ hraparak.am

 

Կիսվել նյութով