Մամուլ

Շարունակվում է Հասմիկ Սարգսյանի բողոքի քննությունը

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության փաստաբան, իրավապաշտպան Արա Ղարագյոզյանը և «Վելես» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր, իրավապաշտպան Մարինա Պողոսյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ներկայացրեցին 4000 դրամ գողության համար հինգ տարվա դատապարտված Հասմիկ Սարգսյանի բողոքը Հատուկ քննչական ծառայության որոշման և գլխավոր դատախազությամբ «վավերացրած» հսկողությունն իրականացած դատախազի որոշման դեմ:

Իրավապաշտպաններն ասացին, որ Սիսիանի ոստիկանների խոշտանգումների սպառնալիքներով ձեռք բերված Հասմիկ Սարգսյանի ցուցմունքի հիման վրա դատավճիռ է կայացվել, նախաքննությունն իրականացվել է ոստիկանների լիազորությունների չարաշահման պայմաններում: Այս ամենի արդյունքում Հասմիկ Սարգսյանը դատապարտվել է 10 հազար դրամ գողության համար, մինչդեռ  նախաքննության ժամանակ հայտնել է, նաև մարզի դատարանում, որ գողացել է 4 հազար դրամ:

Ըստ իրավապաշտպանների՝ ոստիկանության բաժնում միակ ականատեսը Հասմիկի անչափահաս դուստրն է եղել: Սակայն Հատուկ քննչական ծառայությունը ձևական է վարել ոստիկանների դեմ նախաքննությունը, չի լսել երեխային, իսկ տուժողի կարգավիճակ ստացած Հասմիկին հաճախ սպառնացել են Սիսիանից Երևան ցուցմունք տալու համար չգալու դեպքում բերման ենթարկել, այն դեպքում, երբ տուժողը հնարավորություններ չի ունեցել:

«Սիսիանի ոստիկանության պետի մոտ տարան, ասացին, գրի, գործը կկարճվի«,-պատմեց Հասմիկ Սարգսյանը, որն ասաց, որ իր երեխան էլ սթրես է տարել, երբ տեսել է, թե ինչպես են իրեն սպառնում «քանոնը բերանը մտցնել, որ ցուցմունք տա», անգամ հոգեբանի մոտ էր տարել երեխային: Նա խնդրեց նախագահող դատավոր Բալայանից, որպեսզի երեխային կանչեն դատարան, ցուցմունք տալու, ինչին դատավորը պատասխանեց. «Չեմ ուզում երեխան կրկնակի սթրես տանի»:

Դատավորը բողոքաբեր կողմից ճշտեց պահանջը՝ այն քննիչի որոշումը վերացնելու պահանջով էր, որով բավարար ապացույցներ ձեռք չբերվելու պատճառաբանությամբ մերժվել էր քրեական գործ հարուցելը ոստիկանության աշխատակիցների, պետ Ալեքսանյանի դեմ:

Հիշեցնենք, որ նախքան գործը դատարան հասնելը մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ, որ Հասմիկ Սարգսյանը չի կարող երեխաներին թողնել հիվանդ մոր հույսին և գնալ բանտախուց։ Նրանց հորդորները անպատասխան չմնացին։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով