Մամուլ

Շատ մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ՝ ոմանք Եռաբլուրում ուտում, խմում եւ բարձրաձայն հայհոյում են

Շատ մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ՝ ոմանք Եռաբլուրում ուտում, խմում եւ բարձրաձայն հայհոյում են

«Հրապարակի» զրուցակիցը 2016-ի քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայրն է` Գայանե Սահակյանը:

– Վերջին շրջանում հայ հասարակությունը բավականին պառակտվել է: Սգավոր ընտանիքներ եւ ռեստորաններում քեֆ անողների բազմություն, զոհված զինծառայողների ծնողներ, որոնք պայքարում են այս իշխանությունների դեմ, եւ նրանց մեղադրողների բանակ, որոնց դատապարտում են, հայհոյում իրենց անվայել պահելու համար: Ի վերջո` հերոսի ծնողը, հատկապես հերոսի մայրը, ինչպիսի՞ն պետք է լինի, ըստ Ձեզ:

– Ոչ մեկին չեմ կարող մեղադրել, որովհետեւ շատ հնարավոր է, որ կան ծնողներ, որոնք խիստ ծանր հոգեբանական վիճակում են: Չենք կարող ասել, թե ում հոգում, ում սրտում ինչ է կատարվում: Կան համընդհանուր գրված եւ չգրված օրենքներ, մեզանում չգրված օրենքներն ավելի շատ են:

Հերոսները մեր ազգի համար սրբություն են, հետեւաբար, հերոսի ծնողները եւս արժանի են հարգանքի: Ինձ բոլոր ժամանակներում, ամեն տեղ հարգել են, բոլոր ժամանակներում մեծ հարգանք եմ վայելել, երբ իմանում են, որ Ադամի մայրն եմ, միանգամից փոխվում է վերաբերմունքը:

Շատ ափսոս, որ որդիս Ադամը, զոհվեց, որովհետեւ նրա տեսակն իսկապես շատ է պետք մեր հասարակությանը: Բոլոր ժամանակներում էլ լավ տղաներ շատ են զոհվել, տղաներ, որոնք հայ ազգին անհրաժեշտ են լավագույն տեսակը…. Էն, որ ազգի սերուցքն է, այ՝ այդ տեսակը: Կան էլեմենտար երեւույթներ, մեր ընտանիքը համեստ ընտանիք է, պահանջներ չենք ներկայացրել եւ չենք ներկայացնում որեւէ մեկին:

– Այսինքն` հարգանքը վայելում եք ձեր տեսակի շնորհիվ:

– Հարցին նայենք այլ տեսանկյունից: Բոլորը նույն ընտանիքից չեն, մարդիկ շատ տարբեր են: Ունեն շատ տարբեր կրթություն եւ դաստիարակություն, բայց գիտեք, ամեն դեպքում ասեմ, որ կրթությունն էլ այսօր այդքան կարեւոր չէ:

Կան մարդիկ, որոնք չունեն կրթություն, սակայն լավն են, դա ներքին հոգեվիճակ է, ավելի շատ կախված է ընտանիքից ու դաստիարակությունից: Ես գիտեմ մարդիկ, որոնք գրագետ չեն, սակայն համեստ են ու խոհեմ, նաեւ՝ խոնարհ:

Գիտեք` շատ մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ՝ ոմանք Եռաբլուրում ուտում, խմում եւ բարձրաձայն հայհոյում են: Եռաբլուրն այդ տեղը չէ, հարգելիներ, չի կարելի: Մեզանում երբեք նման մշակույթ ձեւավորված չի եղել, մի արեք նման բաներ:

Երբեմն ուզում եմ այդ մասին գրառում անել, սակայն միշտ մտածում եմ, որ կարող եմ մարդկանց վիրավորել, իսկ ես դա չեմ ուզում… Պետք է այդ հարցը կանոնակարգել, պետք է նույնիսկ ծնողները ենթարկվեն այդ կանոնակարգին եւ Եռաբլուրը չվերածեն ուտել-խմելու վայրի: Եռաբլուրը զինվորական պանթեոն է, իսկ պանթեոնի ղեկավարը բարձրաստիճան սպա է:

Պետք է կարգուկանոն հաստատել: Եռաբլուրում ննջում են 90-ականներին հաղթանակած տղաները, ննջում են քառօրյայի տղերքը, եւ ես, անկեղծ ասած, նման պահվածքի երբեք ականատես չեմ եղել, մինչեւ վերջերս:

Ո՞վ է տեսել Եռաբլուրը վերածեն հայհոյելու եւ ուտել-խմելու վայրի…. ուտելիքները թողնել էնտեղ ու հաջորդ օրը գնալ ասել՝ ո՞վ տարավ մեր ուտելիքները: Ես պարզապես ապշում եմ, ասելու բան չունեմ, խոսքեր չկան: Գուցե կան մարդիկ, որոնք ծանր հոգեկան վիճակում են, սակայն նրանց հետ երեւի պետք է աշխատեն հոգեբանները:

– Եռաբլուրի հետ կապված՝ մեկ այլ նոր մշակույթ էլ է ձեւավորվել: Քաղաքական գործիչները, հատկապես իշխանությունները, բոլոր առիթներին, անկախ նրանից՝ տոն է, թե տխրություն, այցելում են Եռաբլուր, արդյունքում սկանդալները լինում են անխուսափելի:

– Սկանդալներ պետք չէ սարքել, Եռաբլուրը դրա տեղը չէ, դա այլ հարթության վրա գտնվող սրբատեղի է: Մենք՝ բոլորս, գնալու ենք այս կյանքից, իսկ Եռաբլուրը մնալու է: Այն ոտքի տակ տալ պետք չէ, չի կարելի: Ինչ վերաբերում է քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին, թող գնան, ես այդտեղ ինչ-որ վատ բան չեմ տեսնում: Լավ է` թող հիշեն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում