Մամուլ

Նրա ամբողջ ունեցվածքն արյունով է շաղախված. Գրիգորյանն անբարոյական կերպով տիրացավ առանձնատանս

Ոչ մի բարոյական անձնավորություն աչք չէր դնի և չէր տիրանա արդեն իսկ խլված եւ կեղծ փաստաթղթերով ձեռք բերված բնակարանին, անբարոյական կերպով տիրացավ առանձնատանս: Ասում է Էջմիածին քաղաքի բնակիչ Արփիկ Նազարյանը՝ Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի մասին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքացի Նազարյանը հայտնեց, որ Էջմիածնում ունեցած իր երկհարկանի առանձնատան համար արդեն 23 տարուց ավելի է՝ դատական քաշքշուկների մեջ է, եւ որ բնակարանին անբարոյական կերպով տիրացել է Հրանտ Գրիգորյանը:

Արփիկ Նազարյանը պատմում է, որ 1994-թվականին, զորամասի նախկին հրամանատար ոմն Գեղամ Գրիգորյանն իր ամուսնուն մոլորության մեջ է գցել, իրենից գաղտնի գործարք են իրականացրել, ապա իր իսկ նյութական միջոցներով կառուցված առանձնատունը կեղծ փաստաթղթերով եւ կեղծ լիազորագրով վերցրել:

«Գեղամ Գրիգորյանին հետագայում զենք զինամթերք վաճառելու մեղադրանքով դուրս շպրտեցին զինված ուժերից, մայորի ուսադիրները վերցնելուց եւ ԱԱԾ-ի մեկուսարաններում մի քանի ամիս մնալուց հետո, Գեղամն իր կռիշաներն օգտագործեց եւ երկրից դուրս փախավ, այժմ բնակվում է Բարսելոնա քաղաքում»,-պատմեց Արփիկ Նազարյանը:

Վերջինիս խոսքով՝ երկար տարիներ այդ բնակարանը դատարկ է մնացել: Էջմիածնում ոչ ոք չի ցանկացել կեղծ փաստաթղթերով ձեռք բերված բնակարանը գնել՝ շատ լավ իմանալով գույքի հետ կապված դատական քաշքշուկներն ու գործի նախապատմությունը:

Արփիկ Նազարյանի խոսքով՝ ոմն Նորայր Մուշեղյանը, Գեղամ Գրիգորյանն ու Հրանտ Գրիգորյանը ընկերներ են եղել, որոնք էլ երեքով կազմակերպել են իր առանձնատան առք ու վաճառքը: Նորայր Մուշեղյանը 12 տարի չի կարողացել առանձնատունը վաճառել, ապա տարիներ անց՝ 2008 թվականին, բնակարանն անցել է Հրանտ Գրիգորյանի ձեռքը:

«Նա գիտեր, որ այդ բնակարանի հետ կապված դատարանում գործ է քննվում, սակայն քանի որ իր դեմ խաղ չկար եւ դատաիրավական համակարգում կարող էր լուծել բոլոր հարցերը, այդպես էլ արեց, տիրացավ բնակարանին: Նախքան Հրանտը կվերցներ առանձնատունս, գնացի նրա մոտ եւ խնդրեցի նման բան չանել, առավելեւս, որ գործը դատական պրոցեսի մեջ է: Հրանտն ինձ պատասխանեց, որ շատ վաղուց իր աչքն այդ տան վրա է եղել եւ պետք է վերցնի:

Դա այն տարիներն էր, երբ նրա գեներալ հորեղբայրը՝ Մանվել Գրիգորյանը, մեծ աջակցություն էր ցուցաբերում իրեն, հորեղբոր դուստրն էլ՝ Նառա Գրիգորյանը, կախարդական փայտիկը ձեռքը դատարանում հարցեր էր լուծում, ուստի ո՛չ դատական համակարգը, ո՛չ էլ ինչ-որ մեկը չէր կարող ընդդիմանալ նրանց ցանկություններին»,-պատմեց Արփիկ Նազարյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով