Մամուլ

«Նրանք մեր սգո օրերն են միայն ավելացնում, անգամ 15 զոհի համար սգո օր չեն հայտարարում»

«Նրանք մեր սգո օրերն են միայն ավելացնում, անգամ 15 զոհի համար սգո օր չեն հայտարարում»

Hraparak.am-ը գրում է․ 2020 թվականի պատերազմից հետո Բանակի տոնը մեզանում վերածվել է սգո օրվա: Առաջներում այդ օրը տոն էր, ուրախություն, հպարտություն: Հիմա օրվա իշխանություններն ամեն կերպ փորձում են շրջանցել հունվարի 28-ը, որևէ միջոցառում այդ օրը տեղի չի ունենում: Եւ առհասարակ` բանակի թեման հիմա ընդունված չէ քննարկել:

Բանակի օրն առավելագույնը իշխանավորներըվարչապետի գլխավորությամբ այցելում են Եռաբլուր, իսկ թե Փաշինյանի այցը Եռաբլուր ինչ գին է ունենում, ինչ սարսափելի տեսարանի ենք մենք ականատես լինում, այդ մասին թերևս խոսելն ավելորդ է:

Ոստիկաններն ամիսներ առաջ, ամենադաժան ձևով քարշ էին տալիս զոհված զինծառայողների մայրերին, որոնք փորձում էին արգելել Փաշինյանի մուտքը Եռաբլուր: Նրանց քաշքշեցին ու տարան բաժիններ, ինչից հետո միայն Նիկոլ Փաշինյանը մտավ Եռաբլուր, «չոքեց» տղաների շիրիմների առաջ ու հեռացավ:

Փաշինյանի բոլոր այցերը Եռաբլուր 2020-ից հետո եղել են բավականին անսպասելի, կամ` վաղ առավոտյան: Այս տարի ևս չեն հայտնում, թե վաղը ինչ պետք է անի իշխանությունը, երբ եւ որ ուղղությամբ պետք է շարժվի:

«Հրապարակը» զրուցել է 44-օրյա պատերազմում կամավոր ռազմաճակատ մեկնած և նահատակված Արման Օհանջանյանի մոր՝ Ելիզավետա Բուդաղյանի հետ:

– Վաղը Բանակի տոնն է: Այդ օրը մեզանում փորձում են սգո օր դարձնել ու կարծես դա իշխանավորների մոտ ստացվում է: Ի՞նչ եք Դուք պատրաստվում անել վաղը:

– Բանակի տոնը միակ տոնն է մեզանում, որ ես շատ կուզեի նշվեր: Երևակայեք անգամ Նոր տարին մեզ համար ոչ մի բան է, սակայն Բանակի տոնն ամեն հայ մարդ պետք է նշի: Իմանալով մեր իշխանություններին, ծանոթ լինելով նրանց աշխատանքային ոճին, հայտարարություններին, ես համոզված եմ, որ վաղը տոն չի լինելու:

Նրանք մեր սգո օրերն են միայն ավելացնում, սակայն անգամ 15 զոհի համար սգո օր չեն հայտարարում:

arman ohanjanyan mayr

Որևէ մեկը Եռաբլուրում Փաշինյանին չի սպասում: Ես, իհարկե, չեմ կարող բոլորի անունից խոսել, սակայն բոլորդ էլ գիտեք, որ կան բազմաթիվ ծնողներ, որոնք չեն ցանկանում Նիկոլ Փաշինյանին Եռաբլուրում տեսնել: Եթե քո երեխային սպանել են, ինչպե՞ս կարող ես սպանողին սատարել:

Էդպես է` էդպես է  թուրքին ինչո՞ւ ես մեղադրում…. իմ առաջին թշնամին Նիկոլն է, ոչ թե թուրքը: Ցավում եմ, որ այդ նեռը կարող է այցելել մեր հերոս տղաներին:

– Ինչո՞ւ են իշխանավորներն ամեն գնով Բանակի տոնը փորձում սգի վերածել: Ո՞րն է սրա միտումը:

– Ամեն բան արվում է, որպեսզի Հայաստանը բանակ չունենա: Մանկապարտեզի երեխաներն անգամ հասկանում են այդ ամենը: Հայաստանը դարձնում են ոստիկանապետություն, բայց մենք տեսնելով մեր հարևան պետություններին, պետք է գիտակցենք, որ կարևորը բանակն է, ոչ թե ոստիկանությունը:

Այսօր ամեն ինչ պետք է բանակին տալ, եթե բանակն ուժեղ եղավ, մենք էլ ուժեղ կլինենք: Մեր ապահովության ու կայունության գրավականը բանակն է, սակայն նախ պետք է ճիշտ ղեկավար ունենալ, նոր մտածել ամեն ինչ բանակին տալու մասին:

Հիմա բանակին ինչ-որ բան տալը, նույնն էթե հայտնվենք անորոշության մեջ: Վերջերս տեղի ունեցած ողբերգական հրդեհն էլ ցույց տվեց, որ բանակում չկա կարգուկանոն: Ներքին ձայնս ինձ հուշում է, որ ամեն ինչ արվում է բանակին վարկաբեկելու համար, որ ոչ մի ծնող չցանկանա իր տղային բանակ ճանապարհել:

Ես չեմ հավատում, որ բենզինով վառարան են վառել: Անգամ չորրորդ դասարանի աշակերտը գիտի, որ բենզինով չի կարելի վառարան վառել, բենզինի անգամ մեկ կաթիլն է վտանգավոր, էլ ուր մնաց այդ քանակությամբ բենզին օգտագործեն չափահաս զինվորները: Իմ կարծիքով ամեն ինչ արվում է, որ հայ մայրն իր որդուն բանակ չուղարկի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Share