Մամուլ

Նվնվալու փոխարեն, գործել է պետք՝ արագ, արդյունավետ ու սիրով. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ո՞Վ Է ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ԵՎ Ո՞ՒՐ Է ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ

Ես բազմաթիվ ապուշագույն մտքեր եմ լսել ու կարդացել, սակայն երեկ թերթերից մեկում կարդացի դարակազմիկ մի ապուշություն, որը ես անպայման կներառեմ աշխարհի հիմարագույն մտքերի ժողովածույում, որը մի օր հաստատ հրատարակելու եմ։ Եվ այսպես, մի արվեստագետ շնչակտուր հայտարարում է՝ «Ակնկալում եմ մտավորականի դերի շուտափույթ բարձրացում»։

Իհարկե, արվեստագետ տիկինը չասեց կոնկրետ ո՞ւմից է ակնկալում մտավորականի դերի շուտափույթ բարձրացում՝ արդեն ջնջված մշակույթի նախարարությունի՞ց, Գումի շուկայի՞ց, կիսամեռ ստեղծագործական միությունների՞ց, Մտավորականների համաշխարհային լիգայի՞ց, թե Հայաստանի հպարտ քաղաքացիներից։

Միգուցե տիկինը հատուկ տեղեկատվություն ուներ, որ մտավորականի դերի բարձրացման վակցինա են հայտնաբերել եւ շուտով մեր առողջապահության նախարարությունը սկսելու է մտավորականի դերի բարձրացման սկրինինգ ծրագի՞ր իրականացնել։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա Հայաստանի, որի միակ մրցունակ բրենդը մշակույթն է, հակամշակութային համատարած այս դեգրադացիան այլեւս ազգային անվտանգության խնդիր է դառնում։ Գոնե ինձ ու իմ նման մտածող շատերի համար։

Բացում եմ վերջին շնչի վրա գտնվող մշակույթի նախարարության առաջին դեմքերի ֆեյսբուքյան էջերը ու համատարած «ռազբիրատներ» են. մեկը՝ Կոնստանտին Օրբելյանի շողքի հետ, մյուսը՝ հացադուլ անող ռեժիսորի հետ, մի երրորդն էլ ընդհանրապես տեղյակ չէր, որ իր ենթակայության տակ գտնվող Պետական Կամերային երաժշտական թատրոնը փորձել են թալանել ու գոնե «պատրոնաժային սոլիդարությունից» ելնելով մի հատ զանգեր ու հարցներ՝ բեմի լամպերը գոնե տեղո՞ւմ են։

Սա այլեւս աղետ է։ Բայց անվերժ նվնվալու փոխարեն, գործել է պետք՝ արագ, արդյունավետ ու սիրով։ Ես, իմ մի քանի տաղանդավոր արվեստագետ ընկերների հետ, մշակութային նոր շարժում ենք նախաձեռնում, որի մասին առավել մանրամասն կտեղեկացնենք առաջիկայում։ Իսկ ովքեր ակնկալում են մտավորականի դերի շուտափույթ բարձրացում, նրանց լրջորեն հորդորում եմ մտածել դերի բարձրացման վակցինացիայի մասին։ Իսկ ինչո՞ւ՝ ոչ»։

Կիսվել նյութով