Մամուլ

Նոր նախագիծ. զինծառայությունից խուսափած անձինք տույժ վճարելով կազատվեն պատասխանատվությունից

Galatv.am գրում է. Իշխող Հանրապետական կուսակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

Փոփոխություններից հետո ակնկալվում է, որ ավելի մեծաթիվ երիտասարդներ կկարողանան վերադառնալ հայրենիք և վճարելով համապատասխան տույժեր՝ ազատված կլինեն քրեական հետապնդումից:

Նախագիծը դեռևս ԱԺ օրակարգում ընդգրկված չէ: Նախագծի հեղինակներն են ՀՀԿ պատգամավորներ Գալուստ Սահակյանը և Կարինե Աճեմյանը: Պատգամավորները նախագծով առաջարկում են սահմանված ժամկետները փոփոխել:

Գործող օրենքով ժամանակային սահմանափակում կա մինչև 2015թ.-ի մայիսի մեկը:

Նախագծի «Տեղեկանքում» նշվում է.

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2015 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա: Սույն օրենքի գործողությունը չի տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով զինվորական հաշվառումից հանված կամ արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը կարճված կամ նույն հիմքով քրեական գործի հարուցումը մերժված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա»:

Պատգամավորներն առաջարկում են «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-8-Ն օրենքի 1-ին հոդվածում «2015 թվականի մայիսի 1-ն» բառերը փոխարինել «2017 թվականի մայիսի 1-ն» բառերով:

Որպես հիմնավորում նշվում է, որ այսկերպ ավելի շատ երիտասարդներ հնարավորություն կունենան մուտք գործել երկիր և ազատված կլինեն քրեական հետապնդումից.

««Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, խուսափելով քրեական հետապնդումից, չեն վերադառնում Հայրենիք: Այդ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո մինչ այժմ ութ անգամ կատարվել է փոփոխություն, որը մեծ խթան է հանդիսացել հազարավոր երիտասարդների վերադարձը Հայրենիք ապահովելու գործում:

Ակնկալվում է, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը, վերադառնալ Հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից»:

Աղբյուրը` galatv.am

Կիսվել նյութով