Մամուլ

Նորածնի մահվան մեջ «Արմենիայի» ծննդատան բժշկուհին իր մեղավորությունը չի տեսնում

Նորածնի մահվան մեջ «Արմենիայի» ծննդատան բժշկուհին իր մեղավորությունը չի տեսնում

«Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատան բժշկուհի Ռուզաննա Քեհյանը բացառում է, որ  սեպտեմբերի 24-ին կենտրոնում գրանցված նորածնի մահը բժշկական սխալի հետեւանքով եղած լինի:

«Մենք ունենք ստատիստիկա՝ 27 տոկոս ամբողջ երկրագնդում, որը որ կոչվում է պտղի հանկարծակի, ներարգանդային մահ: Դա մինչեւ հիմա ողջ երկրագնդում պարզված չի: Մնացածը ցույց կտա հետազոտությունը: Պետք է համբերենք, մինչեւ գան պտղի հերձման լաբորատոր հետազոտությունները»,- NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ասաց նա՝ արձագանքելով նորածնի ծնողների մեղադրանքներին իր դեմ:

Բժշկուհու խոսքով՝ նորածնի մայրը՝ Հայկուհի Խաչատրյանը, հղիության 9 ամիսներին խնդիրներ չի ունեցել, անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները:

Հայկուհին եւ նրա ամուսինը՝ Գարիկը, այնուամենայնիվ, նրան են մեղադրում տեղի ունեցածում, պնդելով, որ բժշկուհին ծննդաբերությանը նախորդող ժամերին տեղում չի եղել՝ հսկելու համար ծննդկանի վիճակը,  ժամանել է հիվանդանոց միայն այն բանից հետո, երբ Հայկուհու ինքնազգացողությունը վատացել է, պարզել են, որ պտուղը մահացել է:

«Եկել եմ ծննդատուն լրիվ առողջ վիճակում: Ստուգել են նախապես, որ կծկումների հաճախականություն կա, երեխայիս սրտի աշխատանքը կար, բարձրացել եմ վերեւ՝ հսկողության տակ: Արհեստական միջամտություն են արել, դեղորայք են դրել լեզվիս տակ, ընկերքի անջատում են արել, սիստեմա են միացրել, սիստեմայի մեջ ինչ որ դեղ են ներարկել, դրանից հետո ինձ վատ եմ զգացել:

Ինձ էդ ժամանակ ասեցին, որ բժշկուհին տեղում չի, հայրը հիվանդ էր, գնացել էր: 6-ից 20 պակաս ինքնազգացողությունս վատացավ, մոտեցա մանկաբարձուհուն, որ օգնություն ցուցաբերի կամ սրտի աշխատանքը լսի, նա կատարյալ անտարբերություն ցուցաբերեց, չմոտեցավ ինձ:

Հետո ես զանգեցի քրոջս, ամուսնուս, եկան, խառնվեցին, որոշեց, որ սրտի աշխատանք պիտի լսի, սրտի աշխատանք չկար այլեւս, էխո արեցին, էխոյի բժշկուհին ասեց՝ բժշկության մեջ էս ինչ անհասկանալի բաներ կան, սրտի ձայնը չեմ լսում»,- պատմեց նա:

Հայկուհու խոսքով՝ ծննդաբերել է դրանից մի քանի ժամ անց. «Երեխան ծնվեց, վայրկայններ չտեւեց, ասեցի՝ երեխային ինձ տվեք, ոչ, ոչ, ոչ, ասեցին ու տարան երեխային: Ասեցին՝ վայ, ինչ էլ խոշոր, 4 կիլոգրամանոց երեխա ա»:

Մինչ այսօր տեղի ունեցածով քրեական գործ հարուցված չէ, պտուղը չի ուղարկվել դատաբժշկական փորձաքննության, ինչը էլ ավելի էր վրդովեցրել նորածնի ծնողներին, որոնք այսօր հիվանդանոց էին գնացել՝ պահանջելու նորածնի մարմինը ուղարկել  դատաբժշկական փորձաքննության:

Նրանց բողոքից հետո ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը պարզաբանեց, որ պտուղը գտնվում է լաբորատորիայում, այն դատաբժշկական փորձաքննության պետք է ուղարկվի միայն դատախազության կամ ոստիկանության համապատասխան որոշումից հետո, ապա առաջարկեց ուղարկել իրենց ունեցած նյութերը դատախազություն հենց այսօր: 

«Փաստորեն պիտի կոկորդներիցդ բռնենք, որ մի բան անե՞ք»,- վրդովվեց նորածնի մայրը: Նորածնի ծնողները այնուհետեւ ուղեւորվեցին ոստիկանություն, որտեղ հաղորդում են ներկայացրել տեղի ունեցածի վերաբերյալ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով