Ազատ խոսք

Նման քամահրական վերաբերմունքի դեպքում մենք չենք պատրաստվում մաս դառնալ այս շոուին․ Իվետա Տոնոյան

Նման քամահրական վերաբերմունքի դեպքում մենք չենք պատրաստվում մաս դառնալ այս շոուին․ Իվետա Տոնոյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Թքած ունենալու նուրբ արվեստը…

Իշխանությունն այսօր շատ ցցուն կերպով ցույց տվեց , որ խորապես թքած ունի թե՛ պառլամենտարիզմի գաղափարի, թե՛ խորհրդարանական կառավարման երկիր ունենալու գաղափարի վրա:

Այլ կերպ չեմ կարող բնորոշել այսօր խորհրդարանում ծավալված իրադարձությունները:

Աղմկահարույց օրինագծի քվեարկության տապալումից հետո գործադիրը որոշում է կայացնում արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, որի մասին խորհրդարանական ընդդիմությունը տեղեկացվում է նիստի մեկնարկին գրեթե զուգահեռ:

Եթե ի սկզբանե իշխանությունների համար կյանքի ու մահվան հարց էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու վերաբերյալ նախագծի անցկացումը, թո՛ղ բարի լինեին և ապահովեին իշխանական «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորի ներկայությունը, ոչ թե հետո «Сам себе режиссер»-ի սկզբունքով արտահերթ նիստ հրավիրեին, անցկացնեին ցանկալի օրինագծերն ու խորհրդարանական ամբիոնից հոխորտային, թե ընդդիմությունը չի մասնակցում քննարկմանը:

Այո՛, գլխավոր քաղաքական ինստիտուտի նկատմամբ նման քամահրական վերաբերմունքի դեպքում մենք չենք պատրաստվում մաս դառնալ այս շոուին:

Հասկանում ենք, որ երկրում արտակարգ դրություն է, և այս դեպքում իշխանությունը պետք է դրսևորի արտակարգ գիտելիքներ և ունակություններ վիճակը շտկելու համար, ոչ թե առաջնորդվի արտակարգ ամենաթողության սինդրոմով և հանդես գա ցանկացած գնով ուզածին հասնելու երեխայական գործելաոճով»:

Կիսվել նյութով