Մամուլ

Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո Էռնեկյանը հանդիպել են․ ֆոտո

Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո Էռնեկյանը հանդիպել են։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա»՝ «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի տնտեսություն։

Տնտեսությունը գտնվում է Արմավիրի մարզի Բաղրամյան տարածաշրջանի Արևադաշտ գյուղում։

Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո Էռնեկյանը

Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո Էռնեկյանը շրջայց են կատարել տնտեսության տարածքում, եղել խաղողի այգիներում, գինեգործարանում։ Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին ներկայացվել են խաղողի այգիների մշակման և ոռոգման տեխնոլոգիաները, խաղողի վերամշակման, գինու արտադրության գործընթացը:

Վարչապետը ծանոթացել է նաև բերքահավաքի ընթացքին, հանդիպել բերքահավաքով զբաղված աշխատակիցներին, զրուցել նրանց հետ։

Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո Էռնեկյանը

Շրջայցից հետո Նիկոլ Փաշինյանն ու Էդուարդո էռնեկյանն առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի առաջընթացի, տնտեսական զարգացման, ներդրումային ծրագրերի իրականացման և մի շարք այլ հարցերի շուրջ։

Վարչապետը նշել է, որ տպավորված է «Տիեռաս դե Արմենիա»-ի տնտեսության կազմակերպվածությամբ և բարձր գնահատել արգենտինահայ գործարարի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման, հայկական գինեգործության մեջ տեխնոլոգիական և որակական նոր չափանիշներ, նոր մշակույթ ներմուծելու գործում։

Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո Էռնեկյանը

Էդուարդո Էռնեկյանը երախտագիտություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին գնահատականի համար և նշել, որ պատրաստ է շարունակել ներդրումային գործունեությունը և նոր ծրագրեր իրականացնել՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ու տնտեսական բարգավաճման։

ՀՀ վարչապետը և արգենտինահայ գործարարը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը։

Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը և հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող այլ բիզնես ծրագրերի ընթացքի շուրջ։

Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո Էռնեկյանը գոհունակություն են հայտնել երկկողմ համագործակցության ընթացքից և փոխադարձաբար վերահաստատել այն ավելի զարգացնելու պատրաստակամությունը։

Հաջորդիվ վարչապետն ուղևորվել է Արմավիր քաղաք, որտեղ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ շրջել է քաղաքում, ծանոթացել ընթացիկ իրավիճակին և քաղաքի զարգացման ծրագրերին։ Նիկոլ Փաշինյանը նաև զբոսնել է Արմավիրի քաղաքային զբոսայգում և զրուցել բնակիչների հետ։

«Տիեռաս դե Արմենիա» տնտեսությունում մշակվում են շուրջ 400 հա խաղողի այգիներ։ Աճեցված խաղողը հիմնականում օգտագործվում է գինու արտադրության համար։ Ոռոգումն ամբողջությամբ իրականացվում է կաթիլային համակարգով, տրակտորների պարկը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, հիմնական և ժամանակավոր (սեզոնային) աշխատակիցների թիվը կազմում է 350։

Այգիներում մշակվում է 32 տեսակի խաղող, հիմնականում միջազգային սորտեր, կան նաև տեղական սորտեր՝ արենի, հաղթանակ, ոսկեհատ, խնդողնի։ Արտադրանքի կեսը սպառվում է Հայաստանում, մյուս կեսն արտահանվում է Ռուսաստան, եվրոպական երկրներ, Հյուսիսային և Հարավային Ամերիկա, Ավստրալիա, Չինաստան։

Այս տարի ընկերությունը ծրագրում է արտահանման ծավալը հասցնել մինչև 700 հազար շիշ գինի։ Տնտեսության ընդհանուր հողատարածքը կազմում է 2301 հա, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել զարգացման ծրագրեր՝ արտադրության ծավալի աճին զուգահեռ։

Կիսվել էջում