Մամուլ

Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի արժանացած գիտնականներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը:

Մինչ հանդիսավոր արարողության մեկնարկը վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«ՀՀ ԳԱԱ մեծարգո նախագահ, Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի մեծարգո հաղթողներ, հարգելի գիտնականներ, հյուրեր, Ահա արդեն չորորդ անգամն է, որ Հայաստանը գիտական աշխարհում իր մասին բարձրաձայնում է աշխարհի խոշորագույն գիտական մրցանակներից մեկի` Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությամբ:

Այսպիսով մենք հարգանքի տուրք ենք մատուցում խոշորագույն գիտնականների: Որպես երկրի ղեկավար և որպես պարզ հայ մարդ ինձ համար մեծ պատիվ է և հաճույք նման միջոցառման մասնակիցը լինել: Մենք լիովին գիտակցում ենք մրցանակի հեղինակության կարևորությունը։

Նրա արժեքն են կազմում գիտական հանրության կողմից ընդունված լինելը, ճանաչված գիտնականների անունները, ովքեր կդառնան դափնեկիրներ և իրենց արժանի տեղը կգրավեն Վիկտոր Համբարձումյանի փառապանծ անվան կողքին: Որքան բարձրակարգ գիտնականներ են շահում մրցանակը, այնքան աճում է նրա նկատմամբ վստահությունն ու նրա միջազգային հեղինակությունը»:

Վարչապետ Փաշինյանը Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակը հանձնել է Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Էդվարդ Վան Դեն Հոյվելին, ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Տուտուկովին և ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Լև Յունգելսոնին:

Մրցանակը շնորհվել են «Զանգվածեղ կրկնակի աստղերի, հատկապես ռելատիվիստական կրկնակիների և գրավիտացիոն ալիքների աղբյուրների ձևավորման ոլորտում առաջնային ուսումնասիրությունների համար» ուսումնասիրության համար:

Կիսվել էջում