Ազատ խոսք

Նիկոլին նախկին հանցագործ-մարդասպանները չեն բերել իշխանության, այլ ժողովուրդը. Արթուր Հայրապետյան

Նիկոլին նախկին հանցագործ-մարդասպանները չեն բերել իշխանության, այլ ժողովուրդը. Արթուր Հայրապետյան

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սա մեր վերջին շանսն է, որից պետք է պատվով դուրս գանք։ Հայաստանը մենք ենք, ու մեր տեսակով` լավ-վատ, պետք է պահենք` մտահոգված ապագայով։ Մենք այժմ գտնվում ենք ներքին թշնամիներով շրջափակված, բայց ոչ մի կերպ չպետք է տրվենք նրանց սադրանքներին։

Նիկոլը չի գնալու, Նիկոլին նախկին հանցագործ-մարդասպանները չեն բերել իշխանության, այլ ժողովուրդը։ Ուստի պետք է, որ ոչ թե քծնել եւ կուրորեն ծափահարել Նիկոլի իշխանության լավ-վատ, արած-չարած գործերի, եւ այլն, այլ պետք է բռունցք դառնանք ու թույլ չտանք, որ այս իշխանությունները թերանան ու ներքին թշնամիները փորձեն առիթից օգտվել։

Այո, թեկուզ ստիպելով պետք է աշխատացնենք իշխանություններին, որովհետեւ մենք ենք նրանց ընտրել ու մենք ենք պահանջատեր։ Նիկոլը չի եկել, որ երբ ուզի հեռանա, այլ մենք ենք որոշելու, երբ եւ ինչու։ Իշխանություններին պետք չէ գովել, այլ պետք է թույլ չտալ, որ սխալվեն։

Սխալների համար բարձրաձայնողն էլ ենք մենք, ուժն էլ։ Ոչ ոք սուրբ չէ։ Այդ թվում նաեւ Նիկոլն ու իր թիմը, բայց սուրբ ձեւացող նախկինները, որոնք լավամարդ են խաղում ժողովրդի աչքի առաջ, ավելի ստոր են, քան երբեւէ, որովհետեւ իրենք ինչպես որ իրենց անձնական շահով երկիր են քանդել, նույն կերպ էլ` անձնական շահից բացի, ոչինչ չեն տեսնում, ու չեն էլ թաքցնում, որ իրենց գոյությունը սահմանափակվում է իրենց շուրջինների ապահով կյանքով, ինչպես որ տարիներ շարունակ մեր աչքի առաջ, մեր մաշկի վրա զգացել ենք։

Չպետք է թույլ տանք, որ մեր երկիրը կործանման տանող նախկինները, որ օրն ի բուն իրենց լուտանք են թափում իշխանությունների հասցեին, որը ընդամենը ձեւական է` թվացյալ, կրկին անձնական շահերից բխող` առաջ գան։ Երկիրը ոտքի կանգնելու, մեր երկիրը շենացնելու գործում հանցագործ ձեռքեր չպետք է խառնվեն, եւ ավելի շատ դրանից է, որ հանցագործները վրա են տալիս, որովհետեւ գիտակցում են, որ քաշ չունեն, ու չեն կարող իրենց սեւ գործը կյանքի կոչել։

Սա մեր վերջին շանսն է, որ պետք է ապրենք ու հնարավորինս չսխալվենք։ Թիկունք-թիկունքի, ու մեր պահանջներով ու մեր սրտացավության շնորհիվ պետք է թելադրող լինենք իշխանություններին, որ ոչ միայն լավ աշխատեն, այլ մեր սրտով լինի, ու առանց հետքայլի, առանց հանցագործ տարրերի ու փորձության։

Մենք փորձությունների միջով շատ ենք անցել, հիմա ապրելու ժամանակն է, որ պետք է դուրս գանք պատվով, այո՛, մեզ` պատերազմ հայտարարած` համաճարակի, ներքին թշնամիների առաջխաղացման դեմ։ Մենք սխալվելու իրավունք չունենք։

Մի ճակատը դեպի հանցագործները, մյուս ճակատը դեպի Նիկոլը եւ այդ ճակատների արանքում` սթափությունը չկորցնող պետք է լինենք, որ տուժողը կրկին անմեղ ժողովուրդը չլինի, այլ ժողովուրդը պետք է գիտակցի, որ այո՛, պետք է թեկուզ ստիպելով այս իշխանություններին` աշխատացնի, որ ժողովուրդը հասկանա, որ իր թիկունքին ամուր պետություն ունի։

Ու ձեզ չթվա, որ մենք, այս իշխանությունների թերացումների ու սխալների վրա աչք ենք փակել։ Ո՛չ։ Որովհետեւ Նիկոլի կողքին կանգնած մարդիկ, որոնք իշխանության մաս չեն կազմում ավելի շատ են բարձրաձայնում սխալները` ըստ էության, քան իրենց ընդդիմություն հռչակած ղազագիր ու սրա-նրա կերակրատաշտից օգտվողները։ Լավ է լինելու.. ես հավատում եմ»։

Կիսվել նյութով