Ազատ խոսք

«Նիկոլը, ինչպես միշտ, գնում է քայլերի, որոնց իրական էությունն ու հետևանքները չի պատկերացնում»․ Անի Կարապետյան

«Նիկոլը, ինչպես միշտ, գնում է քայլերի, որոնց իրական էությունն ու հետևանքները չի պատկերացնում»․ – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Անի Կարապետյանը։

«ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԻՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱԼԱԾԵԼԸ ՀԱՆԳԵՑՆԵԼՈՒ Է ԵՐԿՐՈՒՄ ՔՐԵԱԾԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՍՐՄԱՆԸ՝ ԴԱՐՁՆԵԼՈՎ ԱՅՆ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ

Իբր երկրում կարգ ու կանոն հաստատելու նպատակով կառավարության այսօրվա նիստում ընդունվել է օրենքի նախագիծ, որով քրեականացվում է օրենքով գողի կարգավիճակը:

Այսինքն, նույնիսկ եթե չկա հանցակազմ, միայն կարգավիճակը, դրա շնորհելն ու դրա համար գողին դիմելը արդեն քրեական հանցագործություն է:

Նիկոլը, ինչպես միշտ, գնում է քայլերի, որոնց իրական էությունն ու հետևանքները չի պատկերացնում, և անում է մի բան, որը հոնքը սարքելու փոխարեն տալու է՝ աչքը հանի:

Սկսենք այն հանգամանքից, որ կարգ ու կանոնի մասին մտածողը չէր վերցնի ու համընդհանուր համաներում հայտարարեր, ինչի հետևանքով մայրաքաղաքը լցվեց քրեածին տարրերով, գլուխ բարձրացրեցին գրպանահատությունը, ավազակությունն ու բնակարանային գողությունները:

Հիմա էլ, երբ ինքը սկսում է հալածել օրենքով գողերին, հավաստիացնում ենք, հանցավորությունը է՛լ ավելի է աճելու և դառնալու է անկառավարելի: Եթե Նիկոլը մի քիչ գոնե պատմություն ուսումնասիրած կլիներ, կիմանար, որ օրենքով գողերի ինստիտուտը ստեղծվել է Խորհրդային Միությունում 30-ական թվականներին իրավապահ մարմինների կողմից, ա՛յն նպատակով, որպեսզի քրեական աշխարհում հեղինակություն ունեցողները կարողանան զսպել այսպես կոչված «բեսպրեդելի» կողմնակիցներին:

Եվ այն ժամանակ դա տվեց իր դրական արդյունքները: Անցան ժամանակներ, փոխվեց հասարակարգը, սակայն օրենքով գողերը իրենց ներքին կանոնադրության համաձայն դարձյալ հսկում էին քրեական իրավիճակը:

Նրանք կարողանում էին լուծել անգամ ազգամիջյան և տնտեսական հարցեր, զենք էին մատակարարում Արցախին, հարթում էին հայ-ադրբեջանական լոկալ կոնֆլիկտները և մեծամասամբ արդարացի լուծումներ էին տալիս խնդիրներին:

Եղել են էլի պետություններ, որոնք փորձել են կասեցնել գողական աշխարհի գործունեությունը, օրինակ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, բայց որոշ ժամանակ անց նրանք ստացել են հակառակ էֆեկտ և գրանցվել է հանցավորության աճ:

Այսօր փակելով օրենքով գողերի թթվածինը, Նիկոլը իր կարճ խելքով մեծ հնարավորություն է ընձեռում ոչ մի օրենք չճանաչող, ոչ մեկին չհարգող տարրերի համար, որոնց միայն ոստիիկանության ուժերով զսպելը ահավոր բարդ գործընթաց է:

Եվ սրա տակից դուրս գալը թերևս ավելի ծանր կլինի, քան Ամուլսարի հանքի կամ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի հարցերը «ջրելը»»:

Share