Մամուլ

Նա հայտնվել էր թավշյա հեղափոխությանը՝ համասեռամոլների իրավունքները պաշտպանելու համար

Hraparak.am-ը գրում է․ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջ վտանգավոր իրավիճակ է ստեղծվում․

«Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի լույսի ներքո ցանկանում են ստվեր գցել շուրջ երկու հազարամյակների ընթացքում ձեռք բերված այն այցեքարտի վրա, որն ընդունելի է եղել ողջ աշխարհում։ Որևէ մեկ անգամ այս հազարամյակների ընթացքում նման երեւույթ չի արձանագրվել, սա առաջին դեպքն է»,- մեզ հետ զրույցում, անդրադառնալով կաթողիկոսի դեմ տևական ակցիաներին, կարծիք հայտնեց Վահրամ Բաղդասարյանը։

-Այս ընդվզումը շրջանցում է նաև Սահմանադրությունը, որովհետև Սահմանադրությամբ հստակ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին` որպես ազգային եկեղեցի, և նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Ինչ-որ մարդիկ, իրենց նեղ անձնական շահերից ելնելով, պատրվակ գտնելով Վեհափառ հայրապետի հրաժարականը, ցանկանում են ստվեր գցել այն ամենի վրա, ինչը հազարամյակների ընթացքում է ձեռք բերվել։ Մենք կոչ ենք անում հանդարտության, և յուրաքանչյուր հայ, կարծում եմ, նման կոչով պետք է հանդես գա, որպեսզի վերջ դնեն այս ամենին։ Իշխանությունն էլ պետք է զգոն և հետևողական լինի, իրավապահ մարմինները՝ նույնպես, որպեսզի հազարամյակների ստեղծածը չոչնչացնեն։

-Բայց պայքարը ոչ թե Հայ առաքելական եկեղեցու դեմ է, այլ Ամենայն հայոց կաթողիկոսի։

-Ոչ, դա պատրվակ է, նայեք, թե ովքեր են պայքարողները, ինչ կապ ունեն ընդհանրապես առաքելական եկեղեցու հետ։ Ամբողջ աշխարհը միաբերան արձագանքում է, որ Բյուզանդիայի, Բաբելոնիայի, Ասորեստանի նման պետությունները կործանվեցին, հայ ժողովուրդը գոյատևեց իր հավատքի և իր ընտանիքի ամրության, ազգային արժեքների շնորհիվ։ Սակայն, ցավոք, այսօր կան նաև համապատասխան կոչեր՝ համասեռամոլների իրավունքները ճանաչելու և նրանց ստատուս տալու վերաբերյալ։

-Նկատի ունեք Արսինե Խանջյանի հայտարարությո՞ւնը, որը պահանջում է ընդամենը պաշտպանել մարդու իրավունքները՝ անկախ սեռական կողմնորոշումից։

-Այո, և այդ ակտիվությունից երևաց, որ նա ոչ թե թավշյա հեղափոխության ջատագովներից է, այլ հայտնվել էր հեղափոխության կենտրոնում, որպեսզի հետագայում հայ ժողովրդի կողմից մերժված այդ հատվածի արտոնությունների համար պայքարի, օրենքով նրանց ճանաչեն։ Բայց հիշեք, որ երբ Ընտանեկան բռնության մասին հայտնի օրենքում կային նման տողատակեր, մենք ինչպես մաքրեցինք։ Կարող ենք եվրոպական ժողովրդավարական շատ արժեքներ որդեգրենք, բայց ինչը մեզ հարիր չէ, պետք է կտրուկ հրաժարվենք։ Կորցնել հայ ժողովրդի հավատքը, ընտանիքի ամրությունը, նշանակում է կորցնել պետականությունը։ Դա մեր մենթալիտետին հարիր չէ, ու պետք է զգոն լինենք, որպեսզի մեր գոյատևման երաշխիք արժեքները չկորցնենք։

– Ձեր իշխանության ժամանակ էլ էին նման կոչեր հնչում, Դուք մտածում եք, որ իշխանությո՞ւնն է խրախուսում նման մոտեցումները։

-Մեր իշխանության ժամանակ, երբ եղել է, համապատասխան արձագանք է ստացել։ Ես վստահ եմ, որ մեր ժողովրդի 90-95 տոկոսի համար սեռական փոքրամասնություններին արտոնություններ տալու հարցն անընդունելի։ Մենք կողմ ենք կրոնի ազատությանը, մենք որևէ մեկին բռնանալու իրավունք չունենք, բայց կաթողիկոսի հրաժարականի պատրվակի ներքո ինքնագործունեություն ծավալել և թիրախավորել մեր հավատքը, 1700 տարի և ավելի պատմություն ունեցող առաքելական մեր եկեղեցին ու հավատքը, դա անթույլատրելի է։ Ես վտանգներ եմ տեսնում, և պետք է հորդորենք վերջ դնել ինչ -որ խմբավորումների, ամեն դեպքում՝ ոչ առաքելական, ինքնագործունեությունը։

Աղբյուր՝ hraparak.am

 

Կիսվել նյութով