Շոու-բիզնես

Նարինե Պետրոսյանը սպասում է չորրորդ զավակի՞ն. պատասխանում է դերասանուհին

Նարինե Պետրոսյանը սպասում է չորրորդ զավակի՞ն. պատասխանում է դերասանուհին

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Հ. Ղափլանյանի անվան Երեւանի դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանն է, ով մեծապես հայտնի դարձավ «Ոչինչ չի մնա» ֆիլմում իր կերտած կերպարով:

Վերջերս Դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ նրա մասնակցությամբ «Տրամվայ «Ցանկություն»» ներկայացման պրեմիերան: Ավելի ուշ էլ համացանցում հայտնվեց լուսանկար, որտեղ երեք աղջիկների մայրը կլորացած փորով էր:

Սկսվեցին խոսակցություններ պտտվել այն մասին, որ Նարինեն կրկին երեխայի է սպասում: Վերջինս մեզ հետ զրույցում տվել է երկրպագուների հուզող բոլոր հարցերի պատասխանները:

-Նարինե՛, Դուք իսկապես չորրորդ երեխայի՞ն եք սպասում:

-Ո՛չ (ծիծաղում է): Այդ հարցը վերջին շրջանում ինձ էլի են տվել: Ուղղակի ներկայացումներից մեկի շրջանակում երկրորդ գործողության ընթացքում մարմնավորում եմ հղի կնոջ: Այդ գործողությանը պատրաստվելիս էլ ինձ լուսանկարեցին, եւ առաջ եկավ այդ թյուրըմբռնումը:

-Վերջին շրջանում կարծես Ձեր զբաղվածությունը բեմում ավելի մեծ է, քան էկրաններին, այդպե՞ս է:

-Այո՛, պարբերաբար ստանում եմ նաեւ սերիալներում նկարահանվելու առաջարկներ, բայց մերժում եմ: Նկարահանվելու ցանկություն ունեմ, բայց պետք է որակյալ նախագիծ լինի, որ հասկանամ՝ ինչու պետք է երեխաներիս թողնեմ ու ամբողջ օրս նվիրեմ աշխատանքիս:

Ինձ մոտ, այսպես ասած, հեղափոխական շրջան է: Եթե չկա որակ, չի բավարարվում նաեւ գումարային առումով իմ հետաքրքրությունը, էլ ինչո՞ւ պետք է զբաղվեմ տվյալ գործով, ավելի լավ է ստեղծագործական քաղցս հագեցնեմ թատրոնի միջոցով, որտեղ նաեւ մասնագիտական աճ կապահովեմ, քան հետ գնամ՝ ոչ մի օգուտ չքաղելով:

Առաջին երեխայիս ծնունդից հետո, օրինակ, ինչ-որ կերպ արտահայտվելու ցանկությունս շատ մեծ էր, բայց արդեն երրորդ երեխայիս ծնունդից հետո իրավիճակն այլ է, շատ հարցերի ավելի հանգիստ եմ նայում: Ի դեպ, փոքրիկ դուստրս արդեն այն տարիքին է, որ կարող եմ հարկ եղած դեպքում ավելի հանգիստ զբաղվել իմ գործով:

-Դուք Ձեր ստեղծագործական կյանքում ի՞նչ բացթողումներ եք ունեցել, որոնց համար ափսոսում եք:

-Միշտ էլ կա ավելին անելու հնարավորություն եւ ցանկություն: Յուրաքանչյուր լավ դերասան այն կարծիքին է, որ իր լավագույն դերերը դեռ առջեւում են: Եթե կա մի դերասան, որը կարծում է, թե ինքն ամեն ինչ խաղացել է, ուրեմն իր կյանքում ինչ-որ բան այն չէ:

Նյութի աղբյուրը՝ armlur.am

Կիսվել էջում