Մամուլ

Նախկին պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովոյի» որդին, ով առևանգել էր հայտնի գործարարի Prado-ն ու ավտովթարի ենթարկվել, հիվանդանոցից փախել է

Նախկին պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովոյի» որդին, ով առևանգել էր հայտնի գործարարի Prado-ն ու ավտովթարի ենթարկվել, հիվանդանոցից փախել է

Shamshyan.com-ի տեղեկություններով, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության (վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի), ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից (բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի) գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վեդիի քննչական բաժնի քննիչների հետ, բաժնի պետ Արթուր Ավետյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Գևորգյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են երեկ՝ փետրվարի 13-ին, Արարատի մարզում առևանգված Toyota Land Cruiser Prado-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ VAZ 2104-ը վարել է Արարատի մարզի բնակիչ՝ 31-ամյա Արթուր Ղազարյանը, ինչի հետևանքով վերջինս և նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ՝ 37-ամյա Արթուր Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» ԲԿ։

Պարզվել է, որ ավտոմեքենան, ըստ «Արարատ» գինու և կոնյակի գործարանի տնօրեն՝ 66-ամյա Արմեն Սարգսյանի հայտարարության, Toyota-ն առևանգել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Արտակ Գևորգյանը, ով այնուհետև ստացված օպերատիվ տեղեկություններով՝ նույն օրը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, սակայն, երբ նա իմացել է, որ ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Սերոբ Եղիազարյանի և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ռոման Միսակյանի ստացված օպերատիվ տեղեկություններով ինքը գտնվում է հիվանդանոցում, այնտեից դիմել է փախուստի։ 

Բուժող բժշկուհին, երբ մտել է հիվանդասենյակ, որպեսզի բուժումը շարունակի, տեսել է, որ նա այնտեղ չէ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով, դեպքի վայրում վթարված Toyota-ի մեջ եղել է պայուսակ, թանկարժեք հեռախոս և այլ իրեր, և շնորհիվ մարզի ոստիկանապետ Ս. Ռուստամյանի հանձնարարարությամբ տեղում հսկողություն իրականացրած համայնքային ոստիկան Ս. Եղիազարյանի և ավագ օպերլիազոր Ռ. Միսակյանի՝ այնտեղ հավաքված մեծ թվով գյուղացիներ, այդ թվում՝ Ա. Գևորգյանի հարազատներն ու ընկերները, չեն կարողացել անցնել սահմանազատված տարածքը, ինչի արդյունքում էլ դեպքի վայրի պահպանումը կատարվել է պատշաճ կերպով, ու արդեն ժամանած քննչական խումբը ՀԿԳ ավագ քննիչ Լևոն Գևորգյանի  գլխավորությամբ կատարել է դեպքի վայրի զննություն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ավտոմեքենան առևանգած կասկածյալ Ա. Գևորգյանին հայտնաբերելու ուղղությամբ։ 

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնի քննիչ Լ. Գևորգյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 342 և 263 հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել էջում