Մամուլ

Նախկին ԱԺ-ի դեպքում մտքիս ծայրով չէի անցկացնի գործել այնտեղ. Արսեն Ջուլֆալակյան

Օլիմպիական արծաթե մեդալակիր, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն առաջիկայում սպորտը համատեղելու է քաղաքականության հետ: Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի 57-րդ համարն է: Մասնակցելու է որպես անկուսակցական թեկնածու:

Սպորտից չի հեռանում: 2020 թ. Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցելու ու ոսկին նվաճելու նպատակ ունի: Մյուս կողմից գիտակցում է, որ կարիերայի ավարտը մոտ է, ու պետք է նաեւ զբաղվի իր մյուս մասնագիտությամբ:

Ավարտել է Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան, այժմ նույն ֆակուլտետի ասպիրանտ է: Մասնագիտությամբ միջազգայնագետ-դիվանագետ է:

Նախկինում ուղղակիորեն քաղաքականությամբ չի զբաղվել: Հիմա վստահ է, որ իր գիտելիքներով կարող է օգտակար լինել ԱԺ-ում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց որոշման ու իր անելիքների մասին:

– Ինչո՞ւ որոշեցիք մտնել քաղաքականություն:

– Եթե ասեմ, որ բացարձակ ոչ մի ձեւով չեմ զբաղվել քաղաքականությամբ, սուտ կլինի, բայց, այո՛, պաշտոնապես առաջին անգամ է: Ելնելով 2-րդ մասնագիտությունիցս՝ միջազգայնագետ-դիվանագետ, չէի կարող անմասն մնալ, չմասնակցել քննարկումների:

Շատ ընկերներ, ովքեր կային պրոցեսների մեջ, խորհուրդների համար էին դիմում: Միշտ էլ ինչ-որ առումով ներգրավված եղել եմ, բայց առաջին անգամ է, որ ուղղակիորեն, անձամբ ես եմ ներգրավված: Ինչո՞ւ որոշեցի հիմա: Մի քանի պատճառ կա: Նախ մոտեցել է սպորտային կարիերայիս ավարտը, պաշտոնապես հայտարարել եմ, որ մինչեւ 2020 թվականն եմ լինելու ակտիվ սպորտում, եւ ընդամենը տարիուկես է մնացել, ու պետք է արդեն աստիճանաբար փորձես քեզ մյուս մասնագիտությանդ մեջ:

Եվ առաջին պայմանն էլ այս ուժի հետ եղել է այն, որ, եթե ներգրավվում եմ պրոցեսների մեջ, պարտադիր սպորտը շարունակելու եմ ու ոչ թե ձեռքի հետ, այլ ամենայն լրջությամբ: Բոլոր երկրպագուներիս էլ նաեւ այս հարցազրույցով կարող եմ ինչ-որ առումով հանգստացնել, որ սպորտը չեմ թողնելու ու մինչեւ Տոկիոն ուժի մեջ է:

Առավել մանրամասն՝ Armtimes.com

Կիսվել նյութով